46318 դիտում
10:00 27-05-2023
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. Պեմզաշենի ճանապարհին Lexus-ը բախվել է քարերին ու մի քանի պտույտ շրջվել. վարորդը տեղում մահացել է, բժիշկները պայքարում են վիրավոր կնոջ կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 00:15-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 42-ամյա Արթուր Պ.-ն իր վարած Lexus GX 472 մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 95 կմ հատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել քարերին եւ մի քանի պտույտ շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Արթուր Պ.-ն տեղում մահացել է, իսկ ուղեւոր, Շիրակի մարզի բնակիչ, 41-ամյա Մարգարիտա Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաեւ ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աբաջյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Անիի բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Լորեցյանի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ:
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Անիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածն ու վիրավորը ամուսիններ են, ավտոմեքենայում եղել են նաեւ նրանց 2 երեխաները, ովքեր, բարեբախտաբար, չեն տուժել:
Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են ոսկյա զարդ, որը պարզվել է տուժածներինն է:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+