211652_close_icon
views-count21690 դիտում article-date 12:49 24-05-2023

«Հարավկովկասյան երկաթուղին» անցկացրեց «Անվտանգության օր» ակցիա․ պատճառը որոշ վայ վարորդների ու հետիոտնների մեղքով գնացքների մասնակցությամբ վթարների աճն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 24-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» Փակ բաժնետիրական ընկերությունը Երևանում անցկացրեց «Անվտանգության օր» ամենամյա ակցիան։ 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ակցիայի նպատակը ավտովարորդների ու հետիոտնների ուշադրությունը հրավիրելն է երկաթուղու ենթակառուցվածքներում անվտանգ երթևեկության խնդիրների վրա։ 

Ակցիայի շրջանակում «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները վարորդներին էին տրամադրում երկաթուղային գծերի անվտանգ հատման կանոնների մասին ազդարարող տեղեկատվական բուկլետներ։ Ակցիան անցկացվեց երկաթուղու ողջ ենթակառուցվածքում, ամենաինտենսիվ երթևեկությամբ գծանցումներում, այդ թվում՝ ժողովրդին հայտնի Նորագավիթի ճանապարհին։

2022 թվականին երկաթուղում արձանագրվել է 12 ճանապարհատրանսպորտային պատահար, խոշոր եղջրավոր անասունների վրաերթի 48 դեպք։ 

Այս տարի արդեն նկատվում է երկաթուղային ենթարկառուցվածներում վթարների թվի աճ։ Եվ ինչպես նախորդ, այնպես էլ՝ այս տարվա բոլոր պատահարների մեղավորները վարորդներն են, ովքեր շատ դեպքերում, չգիտես ինչու՝ «տեր վռազի նման» անցնում են կարգավորվող անցումով, վթարային իրավիճակներ ստեղծում մարդատար էլեկտրագնացքների և բեռնատար էլեկտրագնացքների, շատ դեպքերում՝ դիզվառելիքով բարձված գնացքների համար։ 

Եղել են նաև դեպքեր, որոնց մասին SHAMSHYAN.com-ն անդրադարձել է ֆոտոռեպորտաժներով ու տեսանյութերով, և վարորդների մեղքով դրանց մի մասն ունեցել են ողբերգական ավարտ։ 

«Հարավկովկասյան երկաթուղի» ընեկրությունը բազմիցս և այսօր նույնպես հորդորում է քաղաքացիներին ու վարորդներին, որպեսզի խստագույնս պահպանեն ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս չգան երկաթուղային գծեր և միշտ հիշեն, որ իրենց տանը սպասող կա։ 

Ինչպես տեղեկանում ենք «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամլո գրասենյակից՝ անցած 15 տարիների ընթացքում «ՀԿԵ» ՓԲԸ-ում զգալիորեն աճել են գնացքների երթևեկության ինտենսիվությունը, գնացքի արագությունը և քաշը: Ներկայումս ուղևորատար գնացքների արագությունը մերձքաղաքային հաղորդակցությունում կազմում է 100 կմ / ժ, իսկ բեռնատար գնացքները լինում են մինչեւ 4500 տոննա քաշով: Նման պարամետրերով գնացքների արգելակման հեռավորությունը գերազանցում է 500 մետրը, ինչը նշանակում է, որ երկաթուղային ենթակառուցվածքը հատելիս երթևեկության կանոնների խախտումները պարունակում են լրջագույն սպառնալիքներ, որոնք կարող են հանգեցնել ամենածանր հետևանքների:

Այնուամենայնիվ, մեր որոշ համաքաղաքացիներ չեն մտածում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքների կամ անուշադրության պատճառով ճանապարհային իրավիճակի գնահատման սխալների մասին և շարունակում են անփույթ վերաբերվել երկաթուղային ճանապարհի կանոնների պահպանմանը: Նման անփութության գինը մարդկային կյանքն ու առողջությունն է:

«2023 թվականի սկիզբը նշանավորվեց երկաթուղային ենթակառուցվածքում վթարների թվի աճով։ Այս տարի տեղի է ունեցել 5 ՃՏՊ, ինչպես նախորդ տարիներին, բոլորը եղել են վարորդների մեղքով։ Հարկ է նշել ՃՏՊ-ի հետևանքների ծանրության աստիճանը։ Որպես օրինակ՝ կարգավորվող անցումում մարդատար էլեկտրագնացքի և բեռնված ավտոմեքենայի մասնակցությամբ կատարված և, երջանիկ պատահականությամբ, առանց մահվան ելքով ավարտված վերջին միջադեպի վնասը կազմել է մի քանի միլիոն դրամ։ ՀԿԵ-ի հետևողական աշխատանքը չարտոնված անցումները վերացնելու ուղղությամբ, ցավոք, շոշափելի արդյունք չի տալիս, և նման անցումների շահագործումն անխուսափելիորեն կհանգեցնի ՃՏՊ-ների: Երկաթուղային շարժակազմի և ավտոմեքենայի քաշի անհամեմատելիությունը անխուսափելիորեն կհանգեցնի լուրջ հետևանքների, առաջին հերթին հենց ավտոմոբիլային տրանսպորտի և ավտոմեքենաների ուղևորների համար», – նշում է ՀԿԵ գնացքների երթևեկության անվտանգության գծով գլխավոր վերստուգող Սերգեյ Հարությունյանը:

Ընկերությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին և ավտոտրանսպորտի վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս չգալ երկաթուղային գծեր և զգոն լինել երկաթուղային ենթակառուցվածքներում:


Ակցիայի մասնակիցիների անվտագությունն ապահովելու համար տեղում ծառայություն էին կատարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանք քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 268+
268+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր