211652_close_icon
views-count1042 դիտում article-date 10:38 23-05-2023

Իշխանությունն իր տարերքի մեջ է․ ագրեսիան, ի վերջո, ամենամեծ վնասն է պատճառում նրան, ով այն դրսևորում է․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «ՀԱԿ-ի ներկայացուցիչների ցանկացած հոդվածի կամ հարցազրույցի տակ մեկնաբանությունների շարքում պարտադիր պետք է լինեն հետեւյալ նախադասությունները՝ «ed duq eq berel qochin» կամ «nikol@ dzer hogezavakna»: Պարզ է, որ այդ մեկնաբանությունների հեղինակները չեն կարդում բուն հոդվածը կամ հարցազրույցը եւ հազիվ կարողանում են հասցնել ծանոթանալ վերնագրին: Հարց է առաջանում՝ այդ մեկնաբանները «ֆե՞յք» են, «թրոլերի ֆաբրիկայի» աշխատակի՞ց են, թե՞ բարեխիղճ մոլորյալներ: Ճիշտն ասած, ինձ համար այդ հարցը սկզբունքային նշանակություն չունի. բոլոր դեպքերում (անվճար, թե վճարովի հիմունքներով) այդպիսի գրառումները պահանջարկ ունեն, հակառակ դեպքում դրանց հեղինակներն իրենց նեղություն չէին տա դրանք հրապարակելու:

Նրանք, ովքեր կոչ են անում Աշոտ Փաշինյանին իբր «առեւանգած» որդեկորույս մորը քառատելու, այրելու, Լինչի դատաստանի ենթարկելու, «ֆե՞յք» են, «թրո՞լ» են: Ես չգիտեմ: Դա կարեւոր չէ. եթե նրանք նույնիսկ ամենայն անկեղծությամբ հենց ա՛յդ ձեւով են իրենց աջակցությունը հայտնում իշխանությանը, դա արդեն իսկ խոսում է այդ իշխանության որակների մասին: Իսկ նրանք, ովքեր վիրավորանքներ են գրում Աշոտի հասցեին, անկե՞ղծ են. թե՞ ստիպված են նման բաներ գրել: Դարձյալ երկրորդական հարց է՝ այդ վիրավորանքներն են, որ այսպես թե այնպես որոշ շրջանակներում բարձրացնում են իրենց կարգավիճակը:

Սիմետրիա, բնականաբար, չկա, որովհետեւ այդ հերթական սկանդալի նախաձեռնողը իշխանությունն է, եւ նման մթնոլորտ ստեղծողն էլ է ինքը, եւ դա արվում է միտումնավոր (չէի ասի՝ մտածված, որովհետեւ ատելության այս մթնոլորտում բացասական զարգացումներ են հնարավոր նաեւ իշխանության համար): Փաշինյանը հրահանգ է տվել կալանավորել պատերազմում զավակ կորցրած կնոջը՝ հենց այդ սրացումներն առաջացնելու նպատակով, որի ընթացքում իր կողմնակիցները եւս մի առիթ կունենան խոսելու «նախկինների», «5-րդ շարասյան» եւ իրենց սիրած այլ թեմաներով: Ներկայիս իշխանության modus vivendi-ն է սկանդալը, ագրեսիան, մարդկանց իրար հակադրելը, անիծելը, նվաստացնելը:

Ինչ պիտի անեն մնացածները՝ տասնյակ, հուսով եմ նույնիսկ՝ հարյուր հազարավոր մարդիկ, որոնք ոչ մեկի հանդեպ ատելություն եւ թշնամանք չեն զգում: Ինձ թվում է՝ երկու բան: Նախ՝ կատարյալ «իգնոր» բոլոր կողմերի «ֆեյքերի», «թրոլերի» եւ «զոմբիների» հանդեպ՝ չքննարկել, չկիսել նրանց «ատելության խոսքը»: Երկրորդ՝ իրար հետ շփվել սիրով եւ հանդուրժողականությամբ: Գիտեմ, որ իմ առաջարկը միամիտ է թվում՝ բայց ագրեսիան, ի վերջո, ամենամեծ վնասն է պատճառում նրան, ով այն դրսեւորում է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր