211652_close_icon
views-count730 դիտում article-date 16:01 20-05-2023

Հայությունն ունի բավարար ներուժ հաղթահարելու առկա մարտահրավերները և բեկում մտցնելու վիճակի մեջ․ ուղերձ

2023 թ. մայիսի 20-ին Կոռնիձորում կայացած հանրահավաքի մասնակիցները ուղերձ են հղել, որում ասվում է․

Մենք՝ Արցախի եւ արցախահայության զորակցության հանրահավաքի մասնակիցներս հայտարարում ենք, որ՝

-Հայությունն ունի բավարար ներուժ հաղթահարելու առկա մարտահրավերները եւ բեկում մտցնելու վիճակի մեջ. -հայության դիմադրության ոգին անկոտրում է, Ադրբեջանը մեծ գին է վճարելու իր ցանկացած սադրանքի ու ագրեսիվ գործողության համար.

-Արցախի ազատության եւ ինքնորոշման իրավունքի իրացման դեմ կատարվող ցանկացած գործողություն արժանանալու է հակազդեցության, ում կողմից էլ որ այն կատարվի.

-Արցախի ինքնիշխանության եւ արցախահայության անվտանգության ապահովմանն ուղղված ռազմավարական ծրագրի մշակումը եւ գործադրումը Հայաստանի եւ Արցախի իշխանությունների պարտավորությունն է.

-Հայաստանի որեւէ իշխանության յուրաքանչյուր գործողություն, որը կասկածի տակ կդնի Արցախում անցկացված հանրաքվեների արդյունքները, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու դրա անքակտելի մասը կազմող անկախության հռդակագիրը, ի սկզբանե առ ոչինչ են.

-Կանխելու ենք խաղաղության անվան տակ կենսական զիջումներ պարտադրող կապիտուլիացիոն պայմանագրի ընդունումը, չենք հանդուրժելու առանց ժողովրդի անմիջական մասնակցության որեւէ համաձայնության կայացում.

-Իրական եւ երաշխավորված խաղաղություն կարող է լինել, եթե այն հաստատված է արդարության ու ճշմարտության վրա։ Չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ գերված է Հադրութն ու Շուշին, քանի դեռ շրջափակված է Արցախը, վտանգված է արցախահայության ազատ ապրելու իրավունքը.

-Մեր պայքարը շարունակական է՝ հարկ եղած դեպքում մենք պատրաստ ենք մեկ մարդու պես զինվորագրվել եւ պաշտպանել մեր հայրենիքը։ Ստեղծված իրավիճակում ինքնակազմակերպմամբ պաշտպանության եւ անվտանգության հրատապ խնդիրների լուծումը այլընտրանք չունի.

-Որպես արժանապատիվ եւ հայրենատեր հայեր մենք վճռական ենք ու տեր ենք Արցախին։ Մենք բոլորս արցախցի ենք եւ ունենք կամք ազատագրելու Արցախը շրջափակումից, վերականգնելու Արցախի տարածքային ամբողջականությունը։

Արցախը եղել ու շարունակելու է լինել հայկական։

Կեցցե Արցախը, Կեցցե Հայաստանը, կեցցե հայ ժողովուրդը։

Նմանատիպ նյութեր