211652_close_icon
views-count1015 դիտում article-date 17:03 26-12-2022

Ով գիտե՝ գուցե հենց ձե՛ր ձայնն է բեկում մտցնելու Արցախի հայ բնակչության տառապանքներին վերջ դնելու փորձերում. Սերգեյ Սմբատյան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը գրել է. «Աշխարհի տարբեր անկյուններում տիրող անհանգստություններին գնահատական տալիս միջազգային հանրությունը հաճախ է անտեսում առանձին մարդու ճակատագիրը։ Սակայն ավելի քան 120000 անհատներին չնկատելը ո՛չ հասկանալի է և ո՛չ հանդուրժելի։

Արցախում այսօր 120000 մարդ զրկված է Հայաստանից ստացվող սննդամթերքից, դեղորայքից, վառելիքից և կենսական անհրաժեշտության այլ ապրանքներից, որովհետև Հայաստանն Արցախին կապող միակ ուղին արդեն կես ամիս շարունակ շրջափակված է Ադրբեջանի կողմից։ Արցախի կյանքի ճանապարհը փակել է ադրբեջանցի բնապահպանների դիմակի տակ թաքնվող ահաբեկիչների խմբակը, որի ավանգարդում կարող ես տեսնել այդ երկրի հատուկ ծառայություններից մինչև թուրքական «Գորշ գայլեր» ազգայնական և հայատյաց կազմակերպության անդամների։

Արցախի հայ ժողովրդի կրած զրկանքների մասին պետք է ահազանգվի միջազգային ամենակարևոր հարթակներում, քանի որ Ադրբեջանի ստեղծած իրավիճակն արդեն իսկ վերածվում է հումանիտար աղետի։

Ես կոչ եմ անում մշակույթի և հանրային կյանքի այլ ոլորտների բոլոր այն ազդեցիկ անհատներին ու կազմակերպություններին, որոնք անհաղորդ չեն մարդկային ճակատագրերին, դատապարտող և հարկադրող խոսք ուղղել Ադրբեջանին այս հումանիտար հանցագործության համար։ Այս խնդրանքն ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր ընդունակ են կարևորելու և կարեկցելու անծանոթին այնպես, ինչպես դա կանեին իրենց մերձավորների համար։
Ով գիտե՝ գուցե հենց ձե՛ր ձայնն է բեկում մտցնելու Արցախի հայ բնակչության տառապանքներին վերջ դնելու փորձերում»։

Նմանատիպ նյութեր