211652_close_icon
views-count718 դիտում article-date 16:00 19-05-2023

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կստեղծվի նախատեսված ժամկետից շուտ՝ հունիսի 15-ից. նախագիծ

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել լրամշակված երկու օրենսդրական փաթեթի: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Առաջին փաթեթով առաջարկվում է «Սնանկության մասին» օրենքում և հարակից օրենքներում կատարել լրացումներ, որոնք հնարավորություն են տալու սնանկության գործընթացում գտնվող կազմակերպություններում պատշաճ կերպով իրականացնել տեխնիկական և հրդեհային անվտանգության, ինչպես նաև բնապահպանության ոլորտներում վերահսկողություն:

Հստակեցվում է տեսչական մարմնի գործունեության, ինչպես նաև այդ մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրված և սահմանված ժամկետում չվերացված խախտումների հետ կապված տեղեկատվության ներկայացման ժամկետը:

Ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանի՝ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական բնույթի առաջարկություններ, որոնք ընդունվել են:

««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթի նպատակն է ապահովել հակակոռուպցիոն քաղաքացիական և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կազմակերպումը մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի վաղ ժամկետում, որի արդյունքում սույն թվականի հունիսի 15-ից Վերաքննիչ քրեական և Վերաքննիչ քաղաքացիական դատարանները դադարելու են քննել համապատասխանաբար կոռուպցիոն հանցագործությունների և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերը, իսկ դրանց քննությունը կտրվի նեղ մասնագիտացված Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանին:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունն առաջարկել է տեխնիկական փոփոխություն, որն ընդունվել է:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝ օրենսդրական փաթեթը հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման կարևորագույն քայլերից մեկն է:

Հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, կարևորելով նախագծերի փաթեթի ընդունումը, նշել է, որ այն կնպաստի դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը:

Նմանատիպ նյութեր