211652_close_icon
views-count913 դիտում article-date 22:20 14-05-2023

ԵՄ-ն հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հասնելու համապարփակ կարգավորման․ Միշել

ԵՄ-ն հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հասնելու համապարփակ կարգավորման. Մենք շարունակելու ենք նպաստել նրանց համատեղ ջանքերին։ Այս  մասին twitter-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Մեկնաբանելով կիրակի օրը Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման արդյունքները՝ Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելը նշել է, որ բանակցությունների հիմնական թեման եղել է երկու երկրների հարաբերությունների կարգավորումը։

«Եռակողմ հանդիպման հիմնական թեման եղել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ցանկություն են հայտնել կարգավորել իրավիճակը տարածաշրջանում։ Մենք քննարկել ենք նաև երկու երկրների միջև սահմանազատման հարցերը»,- ճեպազրույցում ասել է Միշելը։

Նրա խոսքով, բանակցությունների կազմակերպման ԵՄ հիմնական նպատակը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելն է։ «Մենք պատրաստ ենք բրյուսելյան ձևաչափով հանդիպումներ կազմակերպել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- ասել է նա։

Միշելը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իրենց հավատարմությունն են հայտնել Ալմա-Աթայի 1991թ. հռչակագրին, որը ենթադրում է Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում: Սահմանազատման հետ կապված վերջնական հարցերը կհամաձայնեցվեն բանակցությունների միջոցով:

«Հաջորդ եռակողմ հանդիպումը Բրյուսելում տեղի կունենա այս տարվա հուլիսին»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր