211652_close_icon
views-count64995 դիտում article-date 23:52 11-05-2023

Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում. Tesla-ն տապալել է բետոնե էլեկտրասյունը և հայտնվել բնակչի շինության պատի տակ. կա 4 վիրավոր. մեծ թվով տներ հոսանքազրկվել են. ժամանել է Աբովյանի քաղաքապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 11-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Tesla մակնիշի 21 AH 121 համարանիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքում՝ Արզնու խճուղուց դեպի Նոր Հաճն ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն, առաջ ընթացել և բախվել շինության քարե պարսպին ու երկաթե դարպասին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  4 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:  

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: 

Օպերատիվ են գործել նաև Աբովյան բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը: 

Վթարի մասին տեղեկանալով՝ դեպքի վայր են ժամանել Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, քաղաքապետի առաջին տեղակալ Դավիթ Զարոյանը,քաղաքպետի տեղակալ Արթուր Մովսիսյանը և  կոմունալ տնտեսության պետ Արմեն Ֆելիկյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյան գլխավորությամբ:

Ժամանել են նաև նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանը: 

Նշված խաչմերուկում երթևեկությունը կարգավորելու համար աշխատում են ավագ պարեկ Ավետ Հովհաննիսյանը, պարեկներ Վարուժան Գասկասյանը, Վրեժ Մաթևոսյանը, որպեսզի հետարքրասեր վարորդները (ինչի պակաս Հայաստանում չկա) մեքենաները չկայանեն և էլեկտրոցանցի աշխատակիցներն ու փրկարարներն աշխատեն: 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Նաիրի» էլ. ցանցի պատասխանատուները և վթարավերականգնողական աշխատանքներ կատարողների խումբը, քանի որ էլեկտրասյան տապալման հետևանքով բազմաթիվ տներ հոսանքազրկվել են:

Այս պահին էլեկտրոցանցի աշխատակիցները արդեն սկսել են աշխատանքները, որպեսզի արագ վերականգնեն էլեկտրամատակարարումը, սակայն դա պահանջում է մի քանի ժամվա աշխատանք: Պետք է նաև դեպքի վայր բերվի նոր բետոնե էլեկտրասյուն, քանի որ տապալվածը ոչ պիտանի է: 

Էլեկտրալարերի թափվելու հետևանքով վնասվել է նաև քաղաքացու Opel մակնիշի ավտոմեքենան: 

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի և ավագ քննիչ Հակոբ Թամազյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել  է վարույթ: 

Ոստիկանությունն ու քննչական բաժնը պարզում են, վարորդի , վիրավորների և վնասված օպելի սեփականատիրոջ ինքնությունը: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 132+
132+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր