211652_close_icon

Քանի դար էլ որ անցնի, չի մոռացվի Հայոց ցեղասպանությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1813 դիտում article-date 10:15 25-04-2023
Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին մարդկանց հոսքը չի դադարում Ծիծեռնակաբերդի բարձունքում: Հայաստանում, Արցախում, ամբողջ աշխարհում տեղի են ունենում 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ, գիտաժողովներ, ոգեկոչման երթեր, իրազեկման ցույցեր և պատարագներ:

1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը: Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում, ըստ նախօրոք պատրաստված ցուցակների, ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական: Հայերի ցեղասպանությունն իրականացվել է մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տեղահանություն սահմանամերձ շրջաններից, Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն:

Որոշ պատմաբաներ Հայոց ցեղասպանության մաս են համարում 1890-ական թվականների Համիդյան կոտորածները, Զմյուռնիայի ջարդերը և թուրքական զորքերի գործողությունները Հարավային Կովկասում 1918 թվականին։ Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են` երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը: Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը:

Հայկական Սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից։

Ծիծեռնակաբերդի  բարձունքում՝  Հայոց ցեղասպանության անմար  կրակի մոտ, ծաղիկներ խոնարհեցին  ՀՀ վարչապետ   Նիկոլ Փաշինյանը, ՀՀ   Ազգային ժողովի  նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ նախագահ  Նահագն  Խաչատուրյանը, նախարարներ, պետական մարմինների ղեկավարներ։

Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, Մեծ եղեռնի զոհերին նվիրված ելույթ է ունենում  ՀՀ Ակադեմիական երգչախումբը  (գեղարվեստական ղեկավար, դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան)։

Հայոց  ցեղասպանության զոհերի  հուշահամալիր ժամանեց նաև Ամենայն հայոց  կաթողիկոս Գարեգին  Բ-ն  Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասի ուղեկցությամբ՝ հարգանքի տուրք մատուցելու մեծ եղեռնի  զոհերի հիշատակին։

Այստեղ մարդկանց հոսքը չի դադարում մինչև ուշ գիշեր։ Երեկոյան  հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի շուրջը ծաղիկների բլուրներ են գոյանում։ Արդեն մի քանի տարի է, որպես հարգանքի տուրք խոնարհած այդ ծաղիկներին, ծաղկեփնջերին և պսակներին երկրորդ շնչառություն են տալիս մի  հետաքրքիր նախաձեռնությամբ, ցեղասպանության տարածքի ծաղիկները մշակվում են ամեն տարի ինչ-որ  հատուկ նպատակով ։

Օրինակ թանգարան-ինստիտուտի հիմնադրման 20-ամյակի  բացիկները տպագրվել են  ապրիլի 24-ին հավաքված և վերամշակված ծաղիկներից պատրաստված թղթի վրա ։Այդ փոստային բացիկները նվիրված են արտասահմանցի միսիոներներին, ցեղասպանության տարեգրությանը , 20-րդ դարասկզբին հայերի կոտորածների  մասին առաջին ահազանգերին։

Անհրաժեշտ է դասեր քաղել պատմությունից և հույսը չդնել երրորդ երկրների վրա, այլ օգտագործել եղած հնարավորությունը՝ սեփական ուժերով հասնելով արդարության վերականգմանը: ՄԱԿ-ի միջագային դատարանում Հայոց ցեղասպանության հարցի բարձրացման համար անհրաժեշտ է իրավաբանների և պատմաբանների համատեղ լուրջ աշխատանք կատարել, ինչը ցավոք ներկայումս չենք տեսնում: Այսօր այս հարցը ավելի շատ պատմաբանների ուշադրության կենտրոնում է, մինչդեռ պատմաբանների բերած փաստերը պետք է օգտագործվեն որպես ապացույց իրավաբանների  կողմից տրվող որակումներին և գնահատականներին:

Հեղինակներ՝ Մարինկա Ալեքսանյան, Գեղեցիկ  Բալեյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր