211652_close_icon
views-count1093 դիտում article-date 20:26 21-04-2023

Կաշառք վերցնողը դառնում է կաշառք տվողի «ստրուկը». Աննա Վարդապետյանն անդրադարձել է հանցավորության աճին նպաստող երևույթներին

Մարդու դեմ ուղղված բռնի հանցագործությունների աճը հասարակությունում ուղիղ համեմատական է ագրեսիայի մակարդակի աճին: Ավստրիացի գիտնական Կոնրադ Լորենցի հետազոտություններին հղում անելով՝ այս մասին է այսօր հայտարարել հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Դատախազության 2022 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը ներկայացնելիս:

Ըստ Աննա Վարդապետյանի՝ ագրեսիան ձևավորվում է ատելության խոսքից և դրա ծայրահեղ դրսևորումը մարդու կողմից մեկ այլ մարդու դեմ բռնի հանցագործության կատարումն է:

«Տարիներ առաջ մշակել և դասավանդում էի մի դասընթաց, որ կոչվում էր «Կախյալ վարքագծի հիմնախնդիրներ»: Սկսեցի զբաղվել դեվիանտ վարքագծի (սոցիալական նորմերին և կանոններին հակասող վարքային մոդելների ամբողջություն) հարցերով: Ագրեսիան դեվիանտ վարքագծի ամենացայտուն դրսևորումներից մեկն է, որը բնորոշ չէ կենդանիներին: Այն բնորոշ է մարդկանց, և, այո՛, մարդու դեմ ուղղված բռնի հանցագործություններ ագրեսիայի դրսևորում են»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազը՝ այս համատեքստում մտահոգիչ համարելով ընտանեկան բռնության դեպքերը, խանդի հողի վրա կատարված մահվան ելքով հանցագործությունները:

Գլխավոր դատախազն առաջարկել է պատգամավորական մանդատի շրջանակում փորձել լուծումներ գտնել հասարակության անդամների վարքագծում ատելության խոսքը և ագրեսիան նվազեցնելու ուղղությամբ: «Եթե մենք այն չնվազեցնենք խոսույթի մակարդակում, ցավոք, այն շարունակելու է աճել առօրյա վարքագծում՝ վերաճելով հանցավորության: Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ կառաջարկեի նաև մտածել այն խոսույթի և բառապաշարի մասին, որը հնչում է թիվ մեկ քաղաքական ամբիոնից, որովհետև այն մեր քաղաքացիների համար հետագայում դառնում է վարքագծային մոդել»,- նշել է Աննա Վարդապետյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ է աճել թմրամիջոցների շրջանառությունը՝ հանրապետության գլխավոր դատախազն այն կրկին կապել է ագրեսիայի հետ: «Ագրեսիան մարդու մոտ ձևավորում է փախուստի ցանկություն: Երբ մարդն այլևս չի կարողանում տանել այն ագրեսիան, որը շրջապատում է իրեն ամեն վայրկյան, նա ենթագիտակցաբար սկսում է փնտրել «ապահով» տեղ: «Ապահով» տեղը դառնում են ալկոհոլը, թմրամիջոցները, մոլեխաղերն ու ցանցային խաղերը: Եվ, եթե չի գտնում այդ «ապահով» տեղը իրական կյանքում, նա փնտրում և գտնում է այն վիրտուալ աշխարհում և տարբեր տեսակի հոգեխթանիչ, հոգեներգործուն նյութերում»,- պարզաբանել է Աննա Վարդապետյանը:

Անդրադառնով կաշառք տալու և ստանալու արատավոր երևույթին՝ գլխավոր դատախազն ընդգծել է. «Աստվածաշնչյան ճշմարտություն կա. կաշառք վերցնողը դառնում է կաշառք տվողի «ստրուկը»: Մենք չպետք է խրախուսենք ստրկությունը, այն պետք է լինի պարսավելի երևույթ»:

 

Նմանատիպ նյութեր