211652_close_icon
views-count940 դիտում article-date 13:27 17-04-2023

Հայաստանի տարածք մտած 2 ադրբեջանցու նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում. նրանք կալանավորվել են. Դատախազություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով հսկող դատախազի կողմից բավարարվել է վարույթն իրականացնող քննիչի միջնորդությունը. 2023 թվականի ապրիլի 11-ին որոշում է կայացվել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Ագշին Գաբիլի Բաբիրովի նկատմամբ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Հայտնում է Դատախազությունը։

Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից Ագշին Բաբիրովին ներկայացվել է մեղադրանք: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2023 թվականի ապրիլի 14-ին հսկող դատախազի կողմից բավարարվել է վարույթն իրականացնող քննիչի միջնորդությունը. որոշում է կայացվել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Հուսեյն Ահլիմանի Ախունդովի նկատմամբ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի հրազեն պահելու և փոխադրելու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից Հուսեյն Ախունդովին ներկայացվել է մեղադրանք: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Դատախազությունը նշված հարցի կապակցությամբ պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր