211652_close_icon
views-count32186 դիտում article-date 20:01 10-04-2023

Ալրաղացում հայտնի փլուզման հետևանքով, ըստ քաղաքացու, իրեն պատճառվել է 300 մլն դրամի վնաս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում գույքը ոչնչացնելը կամ վնասելը հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 1-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ, 30-ամյա Արման Հովհաննիսյանը և հայտնել, որ այդ օրը Արշակունյաց պողոտայի 15 հասցեին կից, ժողովրդին հայտնի Ալրաղաց գործարանում, փլուզման հետևանքով իրեն պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս:

Էրեբունու ոստիկաններին, ապա քննիչներին Ա. Հովհաննիսյանը հայտնել է, որ այդ օրը Նար-Դոսի փողոցի 2-րդ հասցեում «Նարեկ Ներսիսյա» ԱՁ-ի աշխատակիցների կողմից, առանց պատկան մարմիններին տեղեկացնելու, քանդման աշխատանքների ժամանակ շինությունը փլուզվել ու վնասել է իրեն պատկանող խաղալիքների պահեստը, լցվելով շինության վրա:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ապրանքագիտական:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Հովհաննիսյանը հայտնել է նաև, որ իրեն պատճառվել է մոտ 300 միլիոն դրամի վնաս: Փորձաքննությամբ կամ հաստատվելու, կամ հերքվելու է նրա հայտնած թիվը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ ապրիլի 1-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանում, Սիլաչի թաղամասում գտնվող ալրաղաց գործարանի քանդման աշխատանքների ժամանակ, պատի փլուզում էր տեղի ունեցել և բեկորները լցվել էին մետրոպոլիտենի երկաթգծերի վրա։

Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` մետրոպոլիտենի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանն ու Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները` գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր