211652_close_icon
views-count994 դիտում article-date 15:02 24-03-2023

Պետական լեզուն մեկն է․ ՀՀ քաղաքացու ուսուցումը պետք է լինի հայերենով. Անդրեասյանը՝ ռուսական դպրոցների մասին

ՀՀ քաղաքացիների համար պարտադիր է, որ ուսուցումը լինի գրական հայերենով, որն օրենքի պահանջն է. մենք ռուսական կողմի հետ քննարկումները վարում ենք օրենսդրության շրջանակներում: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, իր պաշտոնավարման 100 օրվա նվիրված ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր Հայաստանում ռուսական դպրոցների գործարկման անհրաժեշտության մասին:

«Մեր երկրում պետական լեզուն մեկն է և դա հայերենն է, ինչ վերաբերում ռուսական կողմի հետ համատեղ ծրագրին, որը պետք է լինի հանրակրթական մակարդակում որոշակի  հաստատությունների ձևաչափով, դեկտեմբերին կայացավ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որտեղ հստակ արձանագրվեց, որ  մենք պետք է քննարկենք դրա կոնցեպտը:

Դրա նպատակով պետք է ձևավորվի աշխատանքային խումբ: Աշխատանքային խումբը ձևավորվել է, մենք ունենք  մեն պատկերացումները, թե ինչպիսի համատեղ նախագծի մասին կարող է խոսք լինել: Ես այո, հնչեցրել եմ, որ մենք ունենք շատ լավ օրինակ, հայ-չինական դպրոցի մասով, որտեղ էլի ենթակառուցվածքների մասով Չինաստանն արել է մեծխ ներդրում, կառուցվել է դպրոցական նոր շենք, հագեցվել է գույքով, նաև համատեղ աշխատանք ենք անում բովանդակության մասով: Այսինքն այս դպրոցում կա չինարենի ուսուցման, Չինաստանի մշակույթի, պատմության ուսուցման հնարավորություն: Մասնագետներ են գործուղվում Չինաստանի կողմից, ֆինանսական հավելյալ օժանդակություն է տրվում: Սա այն է, ինչ մենք արդեն ունենք և ռուսական կողմին սա ներկայացրել ենք»,- ասաց Անդրեասյանը:

Նա շարունակեց, որ երկրորդ հնարավորությունը, որ քննարկել են ռուսական կողմի հետ, այն է, որ վերջին տարում ՌԴ-ից քաղաքացիների մեծ հոսք կա. «Մենք ասել ենք, որ պատրաստ ենք քննարկել, եթե կա այդ քաղաքացիների կրթության կազմակերպման անհրաժեշտություն:  Այստեղ նաև անհրաժեշտություն կա, որ նրանք հնարավորություն ունենան սովորելու ռուսական կրթություն, սա ևս կարող ենք քննարկել: Հիմա ընթանում են քննարկումները:

Մեր քաղաքացիների համար պարտադիր է, որ ուսուցումը լինի գրական հայերենով, սա օրենքի պահանջն է: Մենք այդ քննարկումները վարում ենք օրենսդրության շրջանակներում: ՌԴ քաղաքացիների պարագայում կարող է ուսուցումը լինել այլ լեզվով»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր