1417 դիտում
17:11 02-02-2021
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ոչ պետական դպրոցների և մանկապարտեզների ներկայացուցիչների հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ոչ պետական դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պատասխանատուներին:Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Քննարկվել են կրթության կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել ոլորտում նախանշվող հարկային քաղաքականության առնչությամբ:
Նախարարի տեղակալը նշել է, որ կրթության քաղաքականության արդյունավետության տեսանկյունից կարևոր է ֆինանսավորման ծավալների պահպանումը, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում կրթության ոլորտի համար ամբողջ աշխարհում դարձել է նոր մարտահրավեր և դիտվում է որպես կրթության զարգացման խոչընդոտ: Համավարակով և հետպատերազմական իրավիճակով պայմանավորված՝ տնտեսական բարդ ժամանակաշրջանում համակարգի գործունեությանը չվնասելու նախապայմանը մեր երկրում ևս առաջնահերթ խնդիր է:
«Հատկապես այս պայմաններում կրթությունն ունի առաջնային նշանակություն հասարակության և պետության զարգացման համար: Ակնկալում ենք ձեզ հետ համագործակցությամբ ստանալ փաստարկված առաջարկություններ և հիմնավորումներ, որպեսզի դրանք հետագայում ներկայացնենք կառավարության քննարկմանը` ոլորտային արդյունավետ քաղաքականության համատեքստում»,- դիմելով ներկաներին՝ նշել է Ժ. Անդրեասյանը: Նա միաժամանակ շեշտել է, որ ներկա պահին որևէ նախագիծ չի շրջանառվում, և կրթության ոլորտի հարկային դրույքաչափերի փոփոխության որևէ կոնկրետ առաջարկություն չի ներկայացվել: Սակայն, ըստ փոխնախարարի, նախատեսվող նախագծերի շուրջ այս փուլից քննարկումներ սկսելը կարևոր է դրանց մշակման ընթացքում կրթության ոլորտի խնդիրներն ու առանձնահատկությունները հաշվի առնելու տեսանկյունից։
Մասնավոր դպրոցների ներկայացրած նախնական հետազոտության համաձայն՝ ոչ պետական հաստատություններում սովորող շուրջ 10 հազար աշակերտների մոտ 68 տոկոսը վարձավճարի բարձրացման պարագայում չի հաճախի մասնավոր դպրոց, ինչը բացասական ազդեցություն կունենա ոլորտի վրա: Ընդգծելով, որ ոչ պետական դպրոց հաճախելը ծնողի և երեխայի սահմանադրական իրավունքն է, հանդիպման մասնակիցները կարևորել են մասնավոր և այլընտրանքային դպրոցների գործունեության միջազգային փորձի դիտարկումը, նաև ընդգծել, որ մեր երկրում այս ոլորտը զարգացել է` ապահովելով կրթական շերտերի մրցակցություն:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արդյունավետ լուծում գտնելու և խնդիրը շահագրգիռ բոլոր կողմերի տեսակետից դիտարկելու նպատակով ներկայացված առաջարկները քննարկել կառավարությունում:
Հանդիպման ընթացքում մասնավոր դպրոցների պատասխանատուները ներկայացրել են հարկային փոփոխության դեպքում հնարավոր սոցիալական հետևանքները, կարևորել ոչ պետական հաստատությունների տնտեսական նշանակությունն ու ներդրումը ոլորտում, ինչպես նաև բարձրացրել իրենց գործունեությանն առնչվող այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
589 դիտում
14:33 09-05-2023
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՄԹ դպրոցների հարցերով պետնախարար Նիկ Գիբի հետ
862 դիտում
19:39 29-04-2024
Գիտության մասին պետք է շատ խոսել. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ
487 դիտում
19:18 30-08-2024
Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Երևանի ավագ դպրոցների տնօրենների խորհրդակցությանը
Այս բաժնից
343 դիտում
17:42 20-09-2024
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերը
463 դիտում
16:33 20-09-2024
Արցախը Հայաստանի մաս առաջին անգամ ճանաչել է Եվրախորհրդարանը՝ 1988 թվականին. Աշոտյան