211652_close_icon
views-count1234 դիտում article-date 15:33 22-03-2023

ՔՊ-ի կողմից առաջարկվող ՄԻՊ-ի թեկնածուն չի համապատասխանում Սահմանադրության պահանջներին. Թագուհի Թովմասյան

Չեմ կարող Անահիտ Մանասյանի մասնագիտական որակների մասին որեւէ բան ասել, ընդհակառակը, գիտեմ, որ իր գործի պրոֆեսիոնալն է, բայց Սահմանադրության պահանջը ոչ միայն պրոֆեսիոնալիզմն է, այլեւ ՄԻՊ-ի թեկնածուն հանրության շրջանում բարձր հեղինակություն վայելող անձ պետք է լինի: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով ՔՊ-ի կողմից ՄԻՊ-ի թեկնածուին: Գրում է NEWS.am-ը։

«Այս դեպքում նա առավել անհայտ է հանրությանը: Այսինքն սահմանադրական պահանջը չի կատարվել: Մենք պետք է արձանագրենք, որ ՔՊ-ի կողմից առաջարկվող թեկնածուն չի համապատասխանում Սահմանադրության պահանջներին»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ըստ մամուլի հրապարակումների Անահիտ Մանասյանը գլխավոր դատախազ Աննա Հայրապետյանի մոտ ընկերուհին է, Թովմասյանն ասաց. «Չեմ կարող ասել՝ նրա գործունեությունն ինչպիսին կլինի, այսինքն գլխավոր դատախազի հետ նրա հարաբերությունները  կշարունակեն պահպանվել, թե ոչ, նա կլինի գլխավոր դատախազի իրավունքների, թե մարդու իրավունքների պաշտպանը, դա ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում տխուր է, որ գործադիր իշխանության որեւէ պաշտոնյայի թեկնածությունն է առաջարկվում ՄԻՊ-ի պաշտոնում: Մինչդեռ ես պատկերացնում էի, որ ավելի լայն հանրային գործունեություն ծվալող թեկնածու պետք է լիներ ՄԻՊ-ի թեկնածուն, որն իրապես իր կյանքում ցույց է տվել, որ զբաղվել է մարդու իրավունքների պաշտպանությամբ, այլ ոչ թե միայն մեղադրանքներ առաջադրել կամ տարբեր օրենսդրական նախաձեռնություններով հանդես եկել իբրեւ գործադիրի ներկայացուցիչ՝ խստացնելով կամ ավելի դժվարացնելով մարդկանց կյանքը»:

Նա անդրադարձավ նաեւ նրան, որ նախօրեին ՄԻՊ-ի թեկնածուն խուսափեց լրագրողների հետ շփումից. «Անահիտ Մանասյանը ուզած-չուզած պետք է շփվի լրագրողների հետ եւ ոչ միայն լրագրողների հետ, հետեւաբար այդ վարքագիծը մեղմ ասած, ընդունելի չէ:

ՄԻՊ-ը անկախ մարմին է, ինչը  առաջին հերթին նշանակում է անկախ իշխանությունից: Տվյալ դեպքում մենք դեռ չունենք որեւէ ապացույց, որ թեկնածուն իշխանությունից անկախ է գործում: Իշխանության պատգամավորները նրան ուղեկցեցին, թաքուն մուտքերով հեռացրեցին, դա ամենեւին լավ բանի մասին չի խոսում»:

Հարցին, թե ինչով էր պայմանավորված, որ ՔՊ-ն երկար ժամանակ չէր գտնում ՄԻՊ-ի թեկնածու, Թագուհի Թովմասյանը հիշատակեց մամուլի հրապրակումները, ըստ որոնց թերեւս կանխատեսելի, կամ ենթարկվող, կամ ՔՊ-ին ավելի հավատարիմ որակների տեր մարդիկ էին որոնվում. «Ամեն դեպքում պետք է նկատի ունենալ, որ ՄԻՊ-ը պետք է անկախ լինի բոլորից, պետք է ուժ ունենա առաջին հերթին քննադատել իշխանություններին, քանի որ նա ի պաշտոնե պետական մարմինների կողմից ոտնահարված իրավունքների պաշտպնությամբ պետք է զբաղվի: Իսկ եթե պետական մարմինների ղեկավարներին շարունակի հմարել իրեն ընկեր, նշանակում է՝ մենք կորցրեցինք ՄԻՊ-ի անկախ ինստիտուտը: Իսկ Հայաստանի ՄԻՊ-ի գրասենյակը բարձր վարկանիշ ունի միջազգային մակարդակով: ՄԱԿ-ում այն ունի Ա կարգի  հեղինակություն, ինչը նշանակում է, որ մենք բարձր վստահության նշաձող ունենք: Ես կափսոսամ, որ այդ Ա կարգը փոխվի»:

Նմանատիպ նյութեր