211652_close_icon
views-count56940 դիտում article-date 21:25 17-03-2023

«Ալֆա Ֆարմը» դիմել է ոստիկանություն, որ դեղատնից անհայտ անձը գողացել է 3 տուփ պահպանակ. ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են աշխատանքներ՝ հայտնաբերելու պահպանակագողին ու պահպանակները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել մարտի 15-ին ՀՀ Ներքին գործերի նախարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին դիմած «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ընկերությունից ոստիկանությանը հայտնել են, որ մարտի 7-ին  Դրոյի փողոցի 15 շենքում գործող իրենց ՓԲԸ-ի կողմից օգտագործվող դեղատանը անհայտ անձը, օգտվելով աշխատակցի զբաղված լինելու հանգամանքից, գողացել է 3 տուփ պահպանակ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ընկերությունը հայտնել է, որ իրենց պատճառվել է 6000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ պահպանակագողի ինքնությունը պարզելու եւ նրան ու պահպանակները հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Նմանատիպ նյութեր