211652_close_icon
views-count44948 դիտում article-date 11:08 16-03-2023

Հերթական ծեծկռտուքը՝ պարեկների և քաղաքացիների միջև․ պատճառը 28-ամյա երիտասարդի կողմից պարեկների հասցեին հայհոյանքներ տալն է եղել․ կան բերման ենթարկվածներ

Երեկ՝ մարտի 15-ին, պարեկների և քաղաքացիների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները ծառայություն են կատարել Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի վարչական տարծքում։ Գյուղամիջյան ճանապարհով երթևեկելու ժամանակ պարեկները նկատել են նույն բանակավայրի բնակիչ 28-ամյա Նարեկ Ա-ին։ Վերջինս գտնվել է ճանապարհի միջնամասում։ Եվ երբ պարեկները նրա կողքով անցնելիս են եղել, Նարեկ Ա․-ն հայհոյանքներ է հնչեցրել պարեկների հասցեին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները կայանում են իրենց ավտոմեքենան, ապա մոտենում Նարեկ Ա․-ին, ներկայանում ու պարզելու համար հարցնում, թե ինչի համար է հայհոյանքներ հնչեցնում իրենց հասցեին։ Սակայն նա շարունակում է հայհոյանքներ տալ։ 

Պարեկները Նարեկ Ա․-ին հայտնում են, որ հայհոյանքներ հնչեցնելու համար նրան կարող են տեղափոխել Ոստիկանություն։ Ու հորդորում են, որ դադարեցնի հայհոյանքներ տալը։ Սակայն դա էլ օգուտ չի տալիս։

Պարեկները ստիպված փորձում են նրան վարչական ձերբակալման ենթարկել։ Բայց այդ պահին մոտենում է նրա հայրը՝ 53-այա Վալենտին Ա-ն, ով ոչ միայն խոչընդոտում է պարեկների օրինական գործողություններին, այլև սկսում է ինքն էլ հայհոյանքներ հնչեցնել ու քաշքշել ծառայություն կատարող պարեկներին։

Դրանից հետո Արծվանիստ բնակավայրի բնակիչներ՝ 27-ամյա Նարեկ Ե․-ն, 27-ամյա Անդրանիկ Ա․-ն և 25-ամյա Կառլեն Հ․-ն են մոտենում նշված վայր ու քաշքշում պարեկներին։ Նրանցից մի քանիսը ձեռքերով հարվածներ են հասցնում դասակի հրամանատար Գրիշա Գ․-ին և ավագ պարեկ Սամվել Ս․-ին։

Այնուհետև՝ կարճ ժամանակ անց, ահազանգով ժամանած Ոստիկանության Մարտունու բաժնի և Պարեկային Ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները կարողանում են բոլորին տեղափոխել Ոստիկանության Մարտունու բաժին։

Դեպքի փաստով Հայաստանի քնչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր