211652_close_icon
views-count1171 դիտում article-date 15:39 13-03-2023

Մոսկվայում կկայանա Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի ԱԳՆ պատվիրակությունների հանդիպումը

Մարտի 15-16-ը Մոսկվայում կկայանա Թուրքիայի, ՌԴ-ի, Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարությունների պատվիրակությունների հանդիպումը: Հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ նախապատրաստվում է Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպումը, և որ ռուսական կողմն առաջարկել է տեխնիկական հանդիպում անցկացնել Մոսկվայում։

Ռուսական ԶԼՄ-ները հիշեցնում են, որ դեկտեմբերին Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների միջև ՌԴ-ում անցկացվել են 11 տարվա ընթացքում առաջին բանակցությունները։ Նշվում է, որ 2011 թ.-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմից առաջ Թուրքիան սերտ հարաբերություններ էր պահպանում Դամասկոսի հետ, սակայն հակամարտությունից հետո Անկարան հանդես Է եկել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հակառակորդների կողմում։

Այդ ժամանակից ի վեր Սիրիայի հետ Թուրքիայի հարաբերությունները բարդ են։ Սակայն վերջին ժամանակներս երկու կողմերը, ինչպես նաև առանձին լրատվամիջոցներ սկսել են խոսել աստիճանական կարգավորման հնարավորության մասին։ Անկարայի և Դամասկոսի միջև տարաձայնությունները լուծելու համար պլանավորվել Է անցկացնել ՌԴ-ի, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպում։

Հունվարին Չավուշօղլուն այն կարծիքն Էր հայտնել, որ նման հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարի սկզբին։ Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր Էր համարել, որ Իրանը կարող է միանալ Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի միջև պլանավորված բարձր մակարդակի բանակցություններին։

Նմանատիպ նյութեր