211652_close_icon
views-count1066 դիտում article-date 10:07 04-03-2023

Վճռականորեն աջակցում ենք ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Կենտրոնական Ասիայի երկրների ինքնիշխանությանը․ Բլինքեն․ «Ամերիկայի ձայն»

Այս շաբաթ Ղազախստանում և Ուզբեկստանում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ռուսական ներխուժումն Ուկրաինա մեծ մտավախություն է առաջացրել մի տարածաշրջանում, որը զգուշանում է Մոսկվայի նկրտումներից: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Եթե հզոր երկիրը պատրաստ է փորձել ուժով ջնջել ինքնիշխան հարեւան երկրի սահմանները, ի՞նչը կխանգարի նրան նույնն անել ուրիշների հետ»: - ասել է նա:

Բլինքենը փորձեց բացատրել, որ ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային օգնում է մյուս երկրներին չդառնալ կայսերական հավակնությունների զոհ։

«Այդ պատճառով մենք վճռականորեն աջակցում ենք ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Կենտրոնական Ասիայի երկրների և ամբողջ աշխարհի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, անկախությանը»,- ասել է Բլինքենը Տաշքենդում լրագրողների խմբին:

Այնուամենայնիվ, որոշ վերլուծաբաններ ասում են, որ թեև երկրները պատրաստ են լսել ԱՄՆ-ին, նրանք դեռ հարցեր ունեն տարածաշրջանում զարգացող տնտեսությունների և էներգետիկ կապերին Վաշինգտոնի հանձնառության վերաբերյալ, ինչպես նաև Աֆղանստանում նրա քաղաքականության անորոշության շուրջ:

Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեյբերդին ասել է, որ Աստանան բարձր է գնահատում ԱՄՆ-ի աջակցությունը, սակայն ընդգծել, որ Ռուսաստանը չի սպառնում իր երկրին։

«Ղազախստանը պատմական կապեր ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ»,- ասել է Թլեյբերդին Բլինքենի հետ համատեղ մամլո ասուլիսում։ «Մեր տնտեսությունները, իրոք, վաղուց փոխկապակցված են, և հենց այդ պատճառով է, որ այս իրավիճակը շատ ծանր է մեզ, մեր տնտեսության համար։ Մենք փորձում ենք խուսափել բացասական ազդեցություններից, պատժամիջոցներից»։

Թլեյբերդին նաև ընդգծել է, որ Ղազախստանը Կենտրոնական Ասիայում Ամերիկայի գլխավոր տնտեսական գործընկերն է։ Երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը 2022 թվականին գերազանցել է 3 միլիարդ դոլարը՝ ավելի քան 37 տոկոսով ավել, քան նախորդ տարի։ ԱՄՆ-ի ուղղակի օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցել է 62 մլրդ դոլարը, և մոտ 590 ընկերություններ գործում են ամերիկյան կապիտալով։

Անցյալ տարի 25 միլիոն դոլարով մեկնարկեց Կենտրոնական Ասիայի տնտեսական կայունության ամերիկյան նախաձեռնությունը՝ «տարածաշրջանային առևտրային ուղիներն ընդլայնելու, արտահանման նոր շուկաներ ստեղծելու և մասնավոր հատվածի ներդրումներ ներգրավելու և աջակցելու համար»: Աստանայում Բլինքենը հայտարարեց ծրագրի համար նախատեսվող հավելյալ $25 միլիոնի մասին:

«Սա այնքան էլ լուրջ ժեստ չէ», - ասում է Պիտսբուրգի համալսարանի պետական կառավարման և զարգացման փորձագետ Ջենիֆեր Մուրթազաշվիլին: «Հիսուն միլիոն դոլարը փոքր գումար է՝ համեմատած այլ երկրների հատկացումների հետ»։

Մուրթազաշվիլին կարծում է, որ ԱՄՆ-ն իսկապես կարող է լինել եզակի գործընկեր, սակայն Վաշինգտոնը Կենտրոնական Ասիայում գտնվելու ռազմավարական պատճառներ չի ներկայացրել։

«Այդ երկրներից ոչ մեկը չի ցանկանում լինել Ռուսաստանի վասալը։ Նրանք ցանկանում են այլընտրանքներ ունենալ բոլոր ուղղություններով, այդ թվում՝ հարավում՝ Աֆղանստանով։ Բայց Ամերիկան կարծես թե չի ցանկանում խոսել Աֆղանստանի մասին հենց հիմա»,- ասել է Մուրթազաշվիլին:

Ըստ ամերիկյան կողմի՝ Վաշինգտոնն այսօր կենտրոնացած է էներգետիկ և առևտրային կապերի ամրապնդման և դիվերսիֆիկացման վրա, որպեսզի Կենտրոնական Ասիայի երկրները կախված չլինեն մեկ երկրից կամ աղբյուրից առևտրի և ներդրումների հարցում:

Բլինքենը ընդգծել է, որ սա պոտենցիալ շատ հզոր շուկա է, և որքան շատ կապեր լինեն երկրների միջև, այնքան ավելի շատ ներդրումներ կներգրավվեն Կենտրոնական Ասիայից դուրս:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր