211652_close_icon
views-count988 դիտում article-date 13:43 02-03-2023

Արագած լեռան լանջին լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական նոր համալիր կկառուցվի. կառավարությունը հավանություն տվեց ծրագրին

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում «Արագած» ներդրումային ծրագրին և ծրագիրն իրականացնելու նպատակով «Ռիդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն: Այսպիսով՝ Ապարան համայնքում լեռնադուհակային և էկոգյուղատնտեսական նոր համալիր կկառուցվի. ընդհանուր ներդրումային ծավալը 190 մլն դոլար է:

«Ծրագիրը նախատեսում է «Արագած» լեռան լանջին լեռնադուհակային և էկոգյուղատնտեսական նոր համալիրի ստեղծում, որը վերաբերվելու է Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերին: Նախագծով 4400 հա տարածքի վրա ստեղծվելու է, կարելի է ասել, նոր գյուղ՝ 300 մինի ֆերմաներով, նրանց կից հյուրատներ: Այնտեղ կկառուցվի նաև 3 մլն խմ տարողությամբ ջրամբար, որ գյուղատնտեսական համալիրն ունենա ջրի հասանելիություն: Այնտեղ կառուցվելու է լեռնադահուկային համալիր՝ 5 ճոպանուղիների գծերով, մոտ 30 կմ սահուղիներով, հյուրանոցներով և այլն: Կառուցվելու է 25 հազար 260 քմ ճանապարհ և 104 հազար 920 քմ բակային ճանապարհ, ավտոկայանատեղիներ: Ընդհանուր ներդրումային ծավալը կազմելու է  190 մլն դոլար»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Այս ծրագիրը քննարկման է ներկայացվել դեռևս 2019 թվականի նոյեմբերին, դրա վերաբերյալ 2020 թվականի մարտին կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Սակայն պատերազմով, կորոնավիրուսով, նաև մրցակցային այլ ծրագրերի առկայության պատճառով 2021 թ. օգոստոսին վարչապետի հանձնարարականով ստեղծվել է հանձնաժողով, որը որոշում է կայացրել հավանություն տալ հենց այս նախագծին: «Մենք, ըստ էության, ստեղծում ենք օրինակելի համայնք, որը բարձրադիր գոտում տալու է ինքնաբավ և կայուն ապրելու միջավայր»,-նշեց Քերոբյանը՝ կարևորելով ծրագիրը:

Կառավարությունն ըստ էության համաձայնություն է տալիս հողատարածքի ուղղակի վաճառքին:

«Մենք գերակա շահի վերաբերյալ որոշում ենք կայացնելու 113 հա տարածքի վերաբերյալ: Եվ 3643 հա տարածքի երկարաժամկետ վարձակալության պայմանագրի ենք հավանություն տալու, որ Ապարան համայնքը կնքի: Բացի այդ՝ ընկերությունը կօգտվի նաև մեր «Ենթակառուցվածքներ՝ ներդրումների դիմաց» ծրագրից, որի շրջանակներում մենք որոշակի ենթակառուցվածքային օժանդակություն ևս կտրամադրենք»,-ասաց նախարարը:

Ծրագրի իրագործողը «Ռիդ» ընկերությունն է:

Փոխվարչապետը Տիգրան Խաչատրյանը հավելեց, որ գնահատումը պետք է իրականացվի խոշոր 4 աուդիտորական ընկերություններից մեկի կողմից: Եթե 4-րդ տարվա ավարտին փաստացի կատարված ներդրումները չգերազանցեն 20 մլրդ դրամը, ապա փաստացի կատարված ներդրումների պակաս չափի նկատմամբ նախատեսվել է որոշակի ֆինանսական տուգանային միջոց: 7-րդ տարվա ավարտին ծրագիրն իր բոլոր բաղադրիչներով պետք է ավարտված լինի: Եթե այդպես չլինի, ապա ներդրողը կամ պետք է հրաժարվի այն վարձակալված տարածքների նկատմամբ իրավունքից, որը կառավարությունը սահմանափակում ու տրամադրում է իրեն, կամ պետք է պատրաստ լինի  յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարել տարեկան 500 մլն դրամ, որ շարունակի պահպանել իր վարձակալության իրավունքներն այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտել բոլոր 4 բաղադրիչներով խոստացած ներդրումները:

Նմանատիպ նյութեր