211652_close_icon
views-count6554 դիտում article-date 09:57 28-02-2023

«Վիրավոր ընկերն ասել է՝ Տիգրան, գնա, քեզ փրկի, պատասխանել է՝ ես եկել եմ հայրենիքը պաշտպանելու»․ մայրը՝ որդու սխրագործությունների մասին

Մարտի դաշտում չդավաճանել ընկերներին ու չլքել իրեն վստահված դիրքը․ 19-ամյա Տիգրան Մուսայելյանն այս սկզբունքով էր անցել ժամկետային զինծառայության։ Արցախյան առաջին պատերազմի մասնակից հորից՝ Սանասար Մուսայելյանից, փոխանցված հայրենասիրությունն էր հիմքում, որ Տիգանը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ կեսգիշերն անց, սկսված մարտի ժամանակ հենց այդպես էլ արեց՝ կյանքի գնով պաշտպանեց իրեն վստահված դիրքը։

Թշնամու հրահրած ռազմական ագրեսիայի ժամանակ Տիգրանը ծառայում էր Կապանում։ Լինելով դիրքի ավագը Տիգրանը ստեղծված իրավիճակում մարտի կառավարումը վերցրել է իր ձեռքը, քաջալերեր ընկերներին, որ դիրքը չթողնեն։

«Հեռախոսային խոսակցություններ կան, որտեղ ասել է՝ «Տղեք, չվախեք, մարտական դիրքերն ամուր պահեք։  Տիգրանն է մարտը վարել, ասել է՝ տղեք հանկարծ չփախնեք, ձեր դիրքերն ամուր պահեք, մենք շրջափակման մեջ ենք։ Այս ձայնագրությունները կան, որ Տիգրանս չի փախել, իր մարտական դիրքերը չի թողել»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմեց մայրը՝ Գայանե Մուսայելյանը։

Դիրքերում 9 հոգով են եղել, փրկվել է միայն մեկ զինծառայող։ Նա է Մուսայելյաների ընտանիքին պատմել Տիգրանի սխրագործությունների մասին։ Տիկին Գայանեն վերհիշելով որդու ծառայակիցի պատմածները նշեց, որ, երբ զինվորներից մի քանիսը զոհվել են և վիրավորվել, Տիգրանին առաջարկել են նահանջել և փրկվել, սակայն, Տիգրանը կտրուկ մերժել է և ասել․ «Տիգրանն ասել է՝ ես երբեք իմ մարտական դիրքը չեմ թողնի, չեմ իջնի։ Ես իմ զոհված ընկերների կողքին եմ լինելու։ Ընկերն ասել է՝ Տիգրան, գնա, քեզ փրկի, Տիգրանն ասել է՝ եթե ապրելու ենք իրար հետ ենք ապրելու, եթե զոհվելու ենք, իրար հետ ենք զոհվելու, ես եկել եմ իմ հայրենիքը պաշտպանելու»,-որդու սխրագործությունների մասին խոսելով նշեց տիկին Գայանեն՝ շեշտելով, որ «շատ ուժեղ մարտերի է» որդին մասնակցել։

Տիգրան Մուսայելյանը զոհվելուց մեկ օր առաջ է մոր հետ խոսել՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ի հատվածում։ Խաղողի այգիներում աշխատող մայրիկին, Տիգրանը խնդրել է՝ չչարչարվել, սպասել՝ ինքը կգա արձակուրդ և բոլոր աշխատանքերը կիրականացնի։ «Երկար խոսեցինք։ Հարցրեցի՝ Տիգրան ջան, ասում են, որ կռիվ է, ասեց մեր մոտ չէ այդ կռիվը, բայց ես գիտեի, որ իրենց մոտ է»։

Չնայած՝ Տիգրանն ամեն կերպ փորձել է մորը հավաստիացնել, որ վտանգի գոտում չէ, բայց մայրը հետո տեղեկացել է, որ որդին թշնամուց ընդամենը 700 մետր հեռավորության վրա է եղել։ Տիկին Գայանեն նշում է՝ Տիգրանին դաստիրարակել են հայրենասեր, նա գիտակցում էր բանակում ծառայելու կարևորությունը, որևէ տեղեկություն չի փոխանցել։

«Երեկոյան միշտ զանգահրում էի, ասում էր՝ մամ, քնա՞ծ չես, պատասխանում էի՝ եթե զինվոր բալեն պոստում է, մաման կքնի՞։ Այդ երեկո (սեպտեմբերի 12-ին) զանգեցի, չպատասխանեց։ Առավոտը (սեպտեմբերի 13-ին) զանգեցի չպատասխանեց, երկու օր զանգում էի՝ չէր պատասխանում։ Տիգրանը գիտեր, որ ես իրեն սպասում եմ։ Ինձ չէին ասում, բայց 13-ի գիշերը մյուս տղաս իմացել էր, որ առաջին պոստում բոլորը զոհվել են»,- ասաց մայրը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր