Խաչիկյան Վազգենն իմ ընկերն է, և իմ ընկերն է լինելու. Շարմազանով
Խաչիկյան Վազգենն իմ ընկերն է, և իմ ընկերն է լինելու։
Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով խոշոր հափշտակության համար ազատազրկված և նախագահի ներմանն արժանացած գործչի ազատումը բանտից։
«Վազգեն Խաչիկյանը ներման դիմում է գրել և օրենքով սահմանված կարգով նախագահը նրան ներում է շնորհել։ Նա 5 տարի անցկացրել է ազատազրկման վայրերում և այսօր վեադարձել է ընտանիք»,- ասել է Շարմազանովը և հավելել. «Ես չեմ հասկանում այն աժիոտաժը, որ կա։ Առաջին և վերջին դեպքը չէ, որ նախագահը ներման հրամանագիր է ստորագրում»։
Նա նշել է, թե պարոն Խաչիկյանին ճանաչել է որպես հանրապետական, և այսօր չի կարող ասել կսառեցվի նրա թեկնածությունը, թե ոչ։
«Խաչիկյան Վազգենն իմ ընկերն է, և իմ ընկերն է լինելու։ Իմ ընտանիքում էլ է ուրախություն, որ նա ազատվել է։ Ես երբեք մարդկային հարաբերությունները իրավականի հետ չեմ խառնում»,- ասել է Շարմազանովը։ Նա տեղյակ չէ, արդյոք Խաչիկյանը զբաղվելու է քաղաքականությամբ, թե ոչ, սակայն նշել է, որ Խաչիկյանի եղբայրը՝ Հայկազ Խաչիկյանը առաջադրվելու է Ախթալայի քաղաքապետի պաշտոնում։