211652_close_icon
views-count27066 դիտում article-date 17:02 26-02-2023

Խոշոր ավտովթար Երևանում. BMW-ն Վազգեն Սարգսյանի ակադեմիայի մոտ բախվել է կայանված բեռնատարին ու կցորդիչին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Շոպրոնի փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հարևանությամբ BMW մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված բեռնատարին և կցորդիչին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վիրավորիներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Օպերատիվ է գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի պարեկներ Արամո Մարգարյանը, Էմիլ Իսկանդարյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ:

Քննիչի հանձնարարականով, BMW- ն պարեկներ Վահե Հարությունյանի և Արսեն Պետրոսյանի ուղեկցությամբ քարշակի միջոցով տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ ինչ-որ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդ BMW-ի վարորդի համար վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով էլ BMW-ի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, և տեղի է ունեցել վթարը, իսկ Opel-ը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 144+
144+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր