211652_close_icon
views-count1270 դիտում article-date 20:37 24-02-2023

Վարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը բարձր է գնահատել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը և գոհունակությամբ նշել ԵՄ օժանդակությամբ մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների փաստը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը ընդգծել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության  կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունությանը և խաղաղությանը:

«Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի հետևանքներին: Վարչապետ Փաշինյանը շեշտել է Եվրոպական խորհրդարանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ընդունած բանաձևի կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:

Նմանատիպ նյութեր