211652_close_icon
views-count54248 դիտում article-date 16:59 08-02-2023

Կրակոց Երևանում․ 22-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց․ ոստիկանները տաք հետքերով պարզել են դեպքի հանգամանքներն, ու որ նա սառույցի վրա վայր չէր ընկել, ինչպես հայտնել էր բժիշկներին

Այսօր՝ փետրվարի 8-ին, կրակոց է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։10-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջին պատի ծակած վերք, թափանցող» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Երևանի քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանն ու Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը իրենց հայտնել է, որ վնասվածքը ստացել է սառույցի վրա վայր ընկնելու հետևանքով։ 

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ, պարզել են՝ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Արթուր Բ․-ն է, և նրա հայտնած տեղեկությունը, թե սառույցի վրա է ընկել, իրականությանը չի համապատասխանում։

Ոստիկաննները տաք հետքերով պարզել են, որ Արթուր Բ․-ն Քոչինյան փողոցում վիճաբանել է Երևանի բնակիչ 22-ամյա Մկրտիչ Չ․-ի և Կոտայքի մարզի բանկիչ 26-ամյա Տիգրան Մ․-ի հետ, որի  ժամանակ Արթուր Բ․-ն ծեծի է ենթարկել Տիգրան Մ․-ին, ինչից հետո վերջինս դեռևս չպարզված տեսակի հրազենով կրակել է Արթուր Բ․-ի ուղղությամբ, ով էլ ստացել է նշված վնասվածքը։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Տիգրան Մ․-ին, Մկրտիչ Չ․-ին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր