211652_close_icon
views-count622 դիտում article-date 16:54 08-02-2023

Ոչ ոք չի ժխտում Թուրքիայի մասնակցությունը պատերազմին, բայց պետք է շարունակել թշնամանքը կառավարելու աշխատանքները. Խանդանյան

Ազգային ժողովի փետրվարի 8-ի նիստում քննարկվում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այս պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է պատգամավոր Սարգիս Խանդանյանի թեկնածությունը։ Վերջինս տվյալ հանձնաժողովի անդամ է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Խանդանյանին հարցրել է՝ Թուրքիան Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնալի՞ք է, թե՞ ոչ: Պատգամավորը հետաքրքրվել է նաև, թե Խանդանյանը համաձա՞յն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի այն դրույթների հետ, որոնք վերաբերում են Արցախի խնդրի կարգավորմանը, կառավարության 5-ամյա ծրագրում տեղ գտած դրույթներին: Ավետիսյանի հաջորդ հարցը Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման վերաբերյալ էր:

«Այո, 2020 թվականի պատերազմից հետևություններ արվել են, ու որևէ մեկը չի ժխտում Թուրքիայի մասնակցությունն ու ակտիվ ներգրավվածությունն այդ պատերազմին: Բայց մենք չենք կարող անդադար թշնամության միջավայրում փորձել մեր արտաքին քաղաքականությունը պայմանավորել, մենք պետք է շարունակենք աշխատանքները, որ թշնամանքը կառավարվի, սպառնալիքները կառավարվեն, և մենք, ի վերջո, կարողանանք հասնել մի հանգրվանի, որ այս տարածաշրջանը լինի խաղաղ ու անվտանգ»,-ասաց Խանդանյանը:

Անդրադառնալով հարցի երկրորդ հատվածին՝ պատգամավորը հիշեցրեց, որ կառավարության ծրագիրը ներկայացնելիս 2021 թվականի օգոստոսին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր դիտարկում է արել, որ ՀՀ միջազգային գործընկերները, հատկապես, համանախագահ երկրները ԼՂ հակամարտության լուծումներ փնտրելիս առաջարկում են օրակարգը բաց պահել ու վերջնանպատակներ չսահմանել, որպեսզի գործընթացը չխոչընդոտվի:

 «Եվ այս առումով մեր դիրքորոշումներն ու մոտեցումները ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նաև դրանով եմ պայմանավորված եղել»,- ասաց նա:

Խանդանյանը հավելեց, որ վերջնանպատակը ԼՂ հայության իրավունքների և անվտանգության պաշտպանությունն ու երաշխավորումն է:

Նմանատիպ նյութեր