211652_close_icon
views-count743 դիտում article-date 11:38 06-02-2023

Իրանի նախկին վաչապետը «հիմնարար փոփոխությունների» կոչ է արել

Իրանի նշանակալի քաղաքական գործիչներից մեկը՝ երկրի կառավարության նախկին ղեկավար Միր-Հոսեյն Մուսավին, «հիմնարար փոփոխությունների» կոչ է արել, որոնք պետք է դառնան Թեհրանում ղեկավարույթան դեմ բազմամսյա բողոքների հետևանքը։ «Իրանը և իրանցիները հիմնարար փոփոխությունների կարիք ունեն և պատրաստ են դրանց»,- գրել է 81-ամյա քաղաքական գործիչն իր կայքում հրապարակված և կիրակի՝ փետրվարի 5-ին տեղի ԶԼՄ-ների տարածած հայտարարությունում։

Մուսավիի խոսքով՝  քրդուհի Մահսա Ամինիի մահվամբ, որը տեղի էր ունեցել բարքերի ոստիկանության կողմից 2022թ. սեպտեմբերին նրան կալանավորելուց հետո, պայմանավորված բողոքների հիմքում ընկած են «փոխկապակցված ճգնաժամեր»։ «Տնտեսական, բնապահպանական, սոցիալական, լեգիտիմ, մշակութային եւ մեդիա-ճգնաժամեր»,- նշել է նա։ Հայտնի բարեփոխիչը Իրանի իշխանության ներկա «կառուցվածքը» համարում է «չկայացած» եւ առաջարկում է «ազատ եւ արդար հանրաքվե» հնարավոր նոր սահմանդրության մասին։ Ինչպես եւ 1979թ. իսլամական հեղափոխության ժամանակ, ժողովուրդը «հիմնարար վերափոխությունների իրավունք ունի, որպեսզի դնի... Իրանի՝ դեպի ազատություն, արդարություն, դեմոկրատիա եւ զարգացում տանող ճանապարհի հիմքը»,- ասել է Մուսավին։

81-ամյա քաղաքական գործիչը Իրանի առաջին բարձրագույն ղեկավար, այաթոլա Ռուհոլլա Հոմեյնիի մերձավոր վստահելի անձանցից մեկն էր։ 1981-1989թթ. գլխավորել է երկրի կառավարությունը։ Երկրի վարչապետի պաշտոնի չեղարկումից հետո 20 տարով հեռացել է քաղաքականությունից, բայց 2009թ. վերադարձել եւ ընտրություններում սկսել է պայքարել պահպանողական քաղաքական գործիչ Մահմուդ Ահմադինեժադի դեմ։ Մուսավին պարտվել է ընտրություններում, ինչից հետք քանիցս հայտարարել է արդյունքների կեղծման մասին։ AFP գործակալության տվյալներով՝ նախկին քաղաքական գործիչը 12 տարի տնային կալանքի մեջ է գտնվել, չնայած նրան ոչ մի պաշտոնական մեղադրանք չի ներկայացվել։

Փետրվարի 11-ին Իրանում նշվող Իսլամական հեղափոխության օրվա (պետական տոն՝ նվիրված 1979թ. շահական վարչակարգի տապալմանը) կապակցությամբ երկրի ղեկավար, այաթոլա Ալի Խամենեին «համաձայնել է ներում շնորհել եւ կրճատել մեծ թվով դատապարտյալների ժամկետները, որոնք մեղադրվել էին վերջին միջադեպերի հետ կապված գործերով»։ Այս մասին նշվել է Խամենեիի կայքում փետրվարի 4-ին հրապարակված հաղորդագրությունում։

Ներման են արժանացել այն անձինք, որոնք մեղադրվել են լրտեսության, օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ շփումներ ունենալու, սպանությունների եւ վանդալիզմի մեջ։ Թե քանի բանտարկյալ ներման կարժանանա՝ չի տեղեկացվել, բայց պետական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ խոսքը «տասնյակ հազարավորների» կարող է վերաբերել։

Ըստ որոշ տվյալների՝ Մահսա Ամինիի մահվան հետ կապված բողոքների ընթացքում Իրանում կալանավորվել է մոտ 15 000 մարդ։ Ինչպես նշել է AFP գործակալությունը՝ հենվելով պաշտոնական տվյալների վրա, դատական մարմինները ներկա պահին բողոքների առնչությամբ մահվան են դատապարտել 18 մարդու։ Չորս մահապատիժ արդեն ի կատար է ածվել՝ չնայած միջազգային բողոքներին։

Նմանատիպ նյութեր