211652_close_icon
views-count797 դիտում article-date 14:47 31-01-2023

ՀՀ առողջապահության նախարարն ու ԱՀԿ գլխավոր տնօրենը քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ և ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված ներկայիս իրավիճակը: Տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Ակնկալելով ԱՀԿ աջակցությունը հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հետևյալ կետերը.

առաքելություն՝ տեղում իրավիճակը գնահատելու,
անհրաժեշտ բժշկական պարագաներ և դեղորայք հասցնելու հնարավորությունը,
ԱՀԿ հստակ դիրքորոշումը՝ իրավիճակի առնչությամբ:
Նախարարը նշել է, որ 51-րդ օրն է, ինչ Արցախ տանող միակ ճանապարհը փակ է, շարունակում են գազի, էլեկտրաէներգիայի, համացանցի անջատումները, ինչի պատճառով պլանային վիրահատությունները դադարեցված են և հետաձգվում են:

Մինչ օրս ծայրահեղ ծանր վիճակում 59 պացիենտ Կարմիր Խաչի միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան` կենսական բուժօգնություն ստանալու: Նշել է նաև, որ շրջափակման և ժամանակին բուժօգնություն չստանալու հետևանքով մեկ պացիենտ մահացել է:

Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեին` Գործադիր Խորհրդի նիստի ճեպազրույցի ժամանակ հարցին անդրադառնալու համար:

Իրավիճակի առնչությամբ ԱՀԿ գլխավոր տնօրենն իր մտահոգությունն է հայտնել և խոստացել համատեղ աշխատանքի միջոցով գտնել լուծումներ:

Նախարարը շեշտել է, որ կպահպանվի ԱՀԿ-ի հետ մշտական կապը` իրադարձությունների զարգացման մասին տեղեկացնելու և ԱՀԿ-ի կողմից նշված երեք ուղղություններով առաջընթաց գրանցելու հարցում:

Նմանատիպ նյութեր