211652_close_icon
views-count863 դիտում article-date 19:27 30-01-2023

Գնել Սանոսյանը ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, ԱԺ պատգամավորներին, համայնքապետերին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին է ներկայացրել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին: Նախարարը շնորհակալություն է հայտնել նախորդ մարզպետ Նազելի Բաղդասարյանին և հաջողություններ մաղթել նորանշանակ մարզպետին։

«Տիկին Բաղդասարյանի հետ արդյունավետ աշխատել ենք, որի արդյունքում մի շարք խնդիրներ են լուծվել, շնորհակալ եմ համատեղ աշխատանքի համար։ Ուրախ եմ ներկայացնել նոր մարզպետին՝ պարոն Մուրադյանին, մեզ համար կարևոր է, որ Մուշեղ Մուրադյանը նախկինում տարբեր պաշտոններ զբաղեցնելուց զատ, աշխատել է նաև Շիրակի մարզպետարանում, ինչը նշանակում է՝ ծանոթ է աշխատակազմին, մարզպետարանի աշխատանքներին, մարզի խնդիրներին և շատ արագ կանցնի դրանց լուծմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչմանը։ Շիրակի մարզը բարդ մարզ է, սակայն մարզի զարգացմանը միտված բազմաթիվ ծրագրեր են այժմ ընթացքի մեջ։ Վստահ եմ՝ համագործակցությամբ կշարունակենք առաջ գնալ»,- նշել է նախարար Գնել Սանոսյանը։

Համատեղ աշխատանքի համար ներկաներին շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը․
«Ուզում եմ հաջողություններ և բեղմնավոր աշխատանք մաղթել պարոն Մուրադյանին և շնորհակալությունս համատեղ աշխատանքի համար թե տարածքային կառավարման նախարարին, թե համայնքների, թե ուժային կառույցների ղեկավարներին և, իհարկե, մարզպետարանի աշխատակազմին։ Պարոն Մուրադյանն աշխատել է մարզպետարանում և մարզպետարանի հետ համատեղ աշխատանքը լավ կստացվի, ինչի արդյունքում արդեն մեկնարկած մի շարք ծրագրեր կյանքի կկոչվեն»։

Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանն էլ շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար և նշել, որ ամենօրյա աշխատանքով է փորձելու հայրենի մարզի հոգսերի թեթևացմանը գնալ․

«Հարգելի պարոն նախարար, ԱԺ պատգամավորներ, համայնքապետեր, ուժային կառույցների ղեկավարներ, ներկաներ, ողջունում եմ Ձեզ։ Արդեն առիթ ունեցել եմ կառավարության նիստի ժամանակ ասելու, հիմա ևս կրկնում եմ՝ ինձ համար պատիվ է նման բարձր վստահության արժանանալը և վստահեցնում եմ՝ ամենայն պատասխանատվությամբ եմ ստանձնում Շիրակի մարզպետի պաշտոնը։ Ամեն ջանք գործադրելու եմ կառավարության հետ համատեղ աշխատանքով հայրենի մարզի հոգսերի ու խնդիրների շուտափույթ լուծման համար, ինձ համար մարզի յուրաքանչյուր հոգս առաջնային եմ համարում և վստահ եմ, որ նվիրումով և հետևողական աշխատանքով քայլ առ քայլ կգնանք դրանց լուծման ճանապարհով։

Մեծ պատրաստակամությամբ և բարձր գիտակցումով եմ անցնում աշխատանքի մարտահրավերներով լի այս շրջանում և հավատացած եմ՝ տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման, պետական կառավարման բոլոր մարմինների համագործակցված և համատեղ աշխատելու պարագայում մենք կկարողանանք արդյունքներ գրանցել։ Անելիքներ շատ կան, բայց կա նաև կամք աշխատելու և շենացնելու»,- ընդգծել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Նմանատիպ նյութեր