211652_close_icon
views-count756 դիտում article-date 09:44 26-01-2023

ՀՀ սահմանների դիտարկման ԵՄ առաքելությունը. կարծիքներ ու տեսակետներ․ «Ամերիկայի ձայն»

Բրյուսելը հայտարարել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական նոր առաքելության ստեղծման մասին, որըկմեկնարկի այս փետրվարին երկու տարով: Այն միտված է նպաստելու Բաքվի ու Երևանի միջև խաղաղության հաստատման ջանքերին: Խնդրին անդրադառնում են միջազգային փորձագետներն ու հրապարակումները։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

ԱՄՆ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ և կոչ է արել Բաքվին անմիջապես վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանքով: Լաչինի միջանցքի երկայնքով սովորական կոմերցիոն և մասնավոր երթևեկության շարունակական խոչընդոտումը հանգեցնում է սննդամթերքի, վառելիքի և դեղորայքի պակասի առաջացմանը միջանցքից կախված բնակչության համար, իսկ բնական գազի և այլ հիմնական կոմունալ ծառայությունների մատակարարման խափանումն էլ ավելի է սրում վատթարացող հումանիտար իրավիճակը, օրերս հայտարարել է ԱՄՆ պետքրատուղարության խոսնակ Նեդ Փրայսը ՝ շեշտելով՝ մենք հավատացած ենք, որ անհրաժեշտ է առաջ շարժվել բանակցությունների միջոցով և հավատարիմ ենք կայուն խաղաղությանն աջակցմանը:

Լաչինի միջանցքի արգելափակման խնդիրն ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը քննարկվել է նաև հունվարի 25-ին Բրյուսելում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի միջև հանդիպմանը: Վերջինս իր թվիթերյան գրառման մեջ դրական է գնահատել հանդիպումը՝ ընդգծելով՝ «քննարկել ենք խաղաղ բանակցությունների վերսկսման հեռանկարները։ Կարծիքներ ենք փոխանակել Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրադրության և ավելի լայն տարածաշրջանում անվտանգության իրավիճակի մասին։ Անհրաժեշտ է խուսափել հումանիտար ճգնաժամից», շեշտել է Բորելը:

Նրա խոսքով հանդիպմանը քննարկվել են նաև ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման նոր առաքելության հետ կապված հարցեր։ Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքի արգելափակման պայմաններում հունվարի 23- ին ԵՄ խորհրդի տարածած հայտարարության մեջ ասված է.

«ԵՄ խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին (EUMA)՝ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակներում: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և համապատասխան միջավայրի ստեղծմանը, որը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին», ասված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ: Ժոզեպ Բորելի խոսքերով՝ ԵՄ առաքելության տեղակայումը ազդարարում է «Հարավային Կովկասում Եվրամիության ջանքերի նոր շրջան»։

Բրիտանական bne IntelliNews-ի խմբագրականը համակարծիք է, որ Հայաստանի խնդրանքով ԵՄ առաքելության ստեղծմամբ մեկնարկում է Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր շրջան։ Ըստ հրևապարակման՝ ԵՄ-ը կշարունակի աջակցել դեէսկալացիայի ջանքերին՝ հավատարիմ մնալով տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ կողմերի հետ սերտորեն համագործակցելու ջանքերին:

Իր հերթին՝ Քարնեգի Եվրոպա հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալն այս առիթով «The Financial Times»-ում հրապարակած իր հոդվածում ընդգծում է, որ սովորաբար իր արևելյան հարևանությամբ աշխարհաքաղաքական ակտիվությունից զերծ մնացող ԵՄ-ն այսօր Հարավային Կովկասում լուրջ քայլեր է ձեռնարկում անվտանգության ապահովման ուղղությամբ, որոնց թվում է նաև Հայաստանում սահմանային մոնիտորինգի առաքելության տեղակայումը։

Վերլուծաբանը կարևորում է, 1990-ականների Բալկանների օրինակով, այստեղ արդար խաղաղությանը հասնելու համար կայուն միջազգային անվտանգության ներկայությունը, որն այսօր ապահովում են Ռուսաստանի խաղաղապահները: Նա մեջբերում է ԵՄ կողմից հայ-ադրբեջանական գործընթացի հիմնական միջնորդ Շարլ Միշելին՝ ըստ որի՝ յուրաքանչյուր կարգավորման հիմքում պետք է լինի Ադրբեջանի տարածքայինամբողջականության ու «Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության» ապահովումը:

Դե Վաալի կարծիքով՝ այսօր անհավանական է թվում, որ ԵՄ-ը կարող է ապահովել անվտանգությունն այստեղ՝«միայնակ կամ ավելի լայն բազմակողմ առաքելության շրջանակում»: Նա կարևորում է այս հարցում հատկապես Ադրբեջանի համաձայնությունը: «Անվտանգության վակուումը ընդլայնվում է ԵՄ-ի և Ռուսաստանի հարևանությամբ այս տարածաշրջանում», պնդում է դե Վաալը իր հրապարակման մեջ:

Իր հերթին՝ EURACTIV առցանց պարբերականը մեջբերում է Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի վերլուծաբաններ Օլեսյա Վարդանյանի և Զաուր Շիրիևի կարծիքները ԵՄ առաքելության առջև ծառացած մարտահրավերների մասին։

Ըստ հրապարակման՝ Օլեսյա Վարդանյանը նախազգուշացնում է, որ առաքելությունը կարող է ձախողվել, եթե այն ունենա չափազանց քիչ ֆինանսավորում, սահմանափակ դիտարկման հնարավորություն կամ չափազանց սահմանափակ մանդատ:

«Մոնիտորինգից և միջադեպերի գրանցումից բացի առաքելության մասնակիցները պետք է լիազորված լինեն ակտիվորեն նպաստել սահմանի երկայնքով երկխոսության աջակցմանը, որպեսզի հնարավոր լինի կանխել կամ մեղմացնել բռնությունը», - պնդում է նա:

Իսկ ըստ Զաուր Շիրիևի՝ առաքելության հաջողությունը կախված է ԵՄ դիտորդների և ադրբեջանական կողմի ակտիվ համագործակցությունից: Բացի այդ, նա կարևրում է սահմանին Ադրբեջանի և Հայաստանի միջև ավելի խորը համագործակցությունը։

«Առաքելության հաջողության որոշիչ գործոններից մեկն է այն հանգամանքը, թե արդյոք Բաքուն կհամագործակցի առաքելության հետ և կդիտարկի այն որպես աջակցություն, թե ոչ։ ԵՄ առաքելությունը բխում է Բաքվի շահերից՝Հայաստանի հետ սահմանին կապ հաստատելու և, հնարավոր է, թեժ գիծ ստեղծելու առումով՝ միջադեպերը կանխելու և մեղմելու համար»,- պնդում է Շիրիևը։

Հայաստանում ԵՄ երկամյա դիտորդական առաքելության ձևավորման առիթով իր դժգոհություն է հայտնել նաև Մոոսկվան: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2022 թվականի գործունեության ամփոփիչ ասուլիսում հայտարարել է, որ չնայած նրան, որ Մոսկվան ու Երևանը դաշնակիցներ են, և որ ՀԱՊԿ առաքելությունը լիովին պատրաստ է տեղակայվելու սահմանին, հայկական կողմը գերադասում է պայմանավորվել ԵՄ հետ՝ այնտեղ երկարաժամկետ հիմքով քաղաքացիական դիտորդների առաքելություն տեղակայելու հարցում։

«Դա Ադրբեջանի հետ սահմանին է, և, հավանաբար, եթե այդ առաքելությունը ծավալվի առանց Ադրբեջանի համաձայնության, այն ուղղակի կարող է հակաարդյունավետ լինել»,- պնդել է Լավրովը՝ շեշտելով՝ սահմանին վստահության ամրապնդման փոխարեն այն կարող է լրացուցիչ լարվածություն առաջացնել։

Հիշեցնենք, որ Հայաստանը միանշանակ ողջունել է ԵՄ առաքելության ստեղծումը, իսկ Բաքուն միանշանակ չի արձագանքել՝ հայտարարելով, որ առաքելության տեղակայումը պետք է հաշվի առնի Ադրբեջանի շահերը, իսկ իր գործունեության իրականացումը չպետք է խաթարի փոխադարձ վստահությունը, հայտարարել են Բաքվում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր