211652_close_icon
views-count297 դիտում article-date 09:28 24-01-2023

ՔՊ-ի մի թևն անհանգստացած է Պապիկյանի հրաժարականի պահանջից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհից հետո ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի մեծ պահանջ բարձրացավ հանրության ամենատարբեր շերտերի մոտ: Թեեւ հասարակության զայրույթը զսպելու համար իշխանությունները միջադեպից ժամեր անց, չսպասելով անգամ քննության ավարտին, բարձրաստիճան զինվորականներ աշխատանքից ազատեցին, բայց սա «չի փրկում» Պապիկյանին:

Հասարակությունը ողբերգական միջադեպի առաջին պատասխանատու համարում է Պապիկյանին եւ պահանջում նախարարի հրաժարականը: Հասարակության զայրույթը թեժացավ հատկապես այն բանից հետո, երբ Պապիկյանը դեպքից միայն 2-3 օր անց գնաց Գեղարքունիք՝ իրավիճակին ծանոթանալու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ մի թեւն անհանգստացած է Պապիկյանի հրաժարականի պահանջից ու փորձում են հարցուփորձով հասկանալ՝ ով է կանգնած Պապիկյանի հրաժարականի թիկունքում, այսինքն՝ ում համար է ազատվում ՊՆ նախարարի աթոռը:

Նկատենք, որ ՔՊ-ականները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց կուսակցին արդարացնելու եւ հանրային զայրույթը պարպելու համար: Միջադեպի հաջորդ օրը՝ առավոտյան, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով Պապիկյանի պահանջին, հայտարարեց, որ այդ հարցը տեղին չէ, չպետք է նախարարին «քավության նոխազ դարձնենք»: Արփի Դավոյանն էլ հրապարակում է Պապիկյանի լուսանկարը եւ ստատուս ձոնում նրան՝ ասելով, թե Պապիկյանի իրականացրած բարեփոխումների արդյունքում նման ցավալի դեպքեր չեն կրկնվի բանակում:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ երեկ լրագրողների հետ զրույցում փորձեց ապահովագրել Պապիկյանին՝ ասելով, թե նա որեւէ կերպ չի կարող այս ամենի հետ կապ ունենալ: Մեզ հասած տեղեկություններով՝ ՔՊ-ում այս պահին դեռեւս Սուրեն Պապիկյանին փոխարինող անձ չեն գտնում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում»։