211652_close_icon
views-count550 դիտում article-date 17:39 20-01-2023

Չինաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել 15 հայ զինծառայողների մահվան կապակցությամբ

Հայաստանում Չինաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել զոհված 15 հայ զինվորների ընտանիքներին և վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։

«Գեղարքունիք մարզի Ազատ գյուղի զորանոցում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Հայաստանում Չինաստանի դեսպանության անունից ցանկանում եմ խորին ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին և վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում»,-ասված է Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգի ցավակցական ուղերձում։

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, որ սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր