211652_close_icon
views-count949 դիտում article-date 11:05 20-01-2023

Պայքարելու եմ, որ այս վարչակարգը հեռանա՝ հնարավորություն ստանանք փակելու անվերջ թվացող ողբերգությունների այս էջը․ Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․ 

«Երեկվա դժոխային ողբերգությունը ցնցել է բոլորիս։ Մեր ընտանիքում երեք արու զավակ են մեծանում, որոնցից երկուսը առաջիկա տարիներին արդեն պետք է մեկնեն զինվորական ծառայության, և որպես ծնող, ինձ անընդհատ հարց եմ տալիս՝ ինչ կարող եմ անել ես, որպեսզի իմ զավակների (և նրանց բոլոր ծառայակիցների) ծառայությունը լինի արժանապատիվ, արդյունավետ և հնարավորինս անվտանգ, որպեսզի նրանք պատվով հայրենիքը պաշտպանեն, ոչ թե մտածեն սեփական կյանքը մի կերպ փրկելու մասին։

Ես փորձել եմ այդ հարցին պատասխան տալ՝ իմ ջանքերը կենտրոնացնելով նորարարական ռազմական տեխնոլոգիաներ մշակելու և բանակում դրանք ներդնելու վրա, դրանով ես արդեն զբաղվում եմ 2014 թվականից ի վեր, այն հույսով, որ դրանք ավելի անվտանգ կդարձնեն մեր զինվորների ծառայությունը, ավելի արդյունավետ ու պաշտպանված՝ մարտի դաշտում։ Ամեն մի փոքրիկ հաջողություն ինձ ու գործընկերներիս ուրախացնում է, ոգևորում էլ ավելին անել։ Բայց հետո գալիս է մի այսպիսի դժոխային ողբերգություն, և հիշեցնում, որ մեր արածը ընդամենը կաթիլ է ծովի մեջ, որ մենք չենք կարողացել դեռևս հաղթել մեր զավակներին լափող հրեշին։

Երեկվա իրադարձության մասին արդեն շատ բան է հայտնի, և կարիք չկա կրկնելու այդ ողբերգության մանրամասնությունները։ Հարցը, որին պետք է անկեղծ պատասխանել՝ ինչ՞ու է ընդհանրապես այդպիսի ողբերգություն հնարավոր եղել, ինչու են մեր զինվորները ապրել այդպիսի նվաստացուցիչ պայմաններում։ Ինչ՞ու Պաշտպանության նախարարությունը, ունենալով երկրում ամենամեծ բյուջեն, չի կարողացել ապահովել նրանց ժամանակակից, անվտանգ կացարաններով։

Գործող իշխանության ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, արդեն սկսել են պատմել, որ իրենք Իտալիայից ժամանակակից կացարաններ են պատվիրել, բայց դրանք գալու են միայն հաջորդ տարում։ Որ զինվորները այստեղ ժամանակավոր էին տեղակայված։ Որ հերթապահ սպան խախտել է հրդեհային անվտանգության կանոնները։ Որ 2րդ բանակային կորպուսի հրամանատարը և նրա երեք տեղակալները անմիջապես ազատված են աշխատանքից, ու ոչ ոք անպատիժ չի մնալու։ Բայց արդյ՞ոք սա է հարցի իրական պատասխանը։

Իրական պատասխանն այն է, որ այս իշխանությունների օրոք մեր բանակը դարձել է երկրի խորթ զավակը, և շարունակում է իր վրա նորանոր հարվածներ կրել։ Այս իշխանությունների օրոք բազմաթիվ սպաներ հեռացվել են բանակից, շատերի նկատմամբ քրեական հետապնդում է սկսել, հաճախ այնպիսի պատրվակներով, որ տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Իրականությունն այն է, որ թշնամին մեր սահմանններին հսկայական տեմպերով նոր զորամասեր է կառուցում, իսկ մենք տարրական կացարաններ չենք կարողանում ձեռք բերել (դրանց հետևից Իտալիա գնալ պետք չի, երկրում առնվազն մի քանի այդպիսի արտադրություն կա)։ Իրականությունն այն է, որ թշնամին ամեն անգամ առաջ գալուց հետո, տառացիորեն մեկ ամսվա մեջ նոր ճանապարհներ է բացում դեպի գրաված դիրքեր, իսկ մեր զորամասերը հաճախ տարրական տեխնիկա չունեն՝ նոր խրամատ փորելու համար։ Իրականությունն այն է, որ պայմանագրային զինծառայողներից շատերը թողնում են ծառայությունը, քանի որ այսօրվա Հայաստանում ֆինանսապես ձեռնտու է ոստիկանության պարեկ լինել, ոչ թե բանակի զինվոր։ Իրականությունն այն է, որ տարեց տարի, այս իշխանության օրոք, պաշտպանության համար հատկացված գումարները նույնիսկ ամբողջությամբ չեն օգտագործվում և անիմաստ վերադարձվում են բյուջե և դառնում պարգևավճար իշխանավորների համար՝ թեև կարող էին դառնալ նոր կացարաններ, նոր դիրքեր, ճանապարհներ, նոր զենք ու զրահ՝ ու պաշտպանել մեր զինվորին ու մեզնից յուրաքանչյուրին։ 

Արդյունքում մենք բոլորս մնում ենք անպաշտպան, շփոթված, ամոթահար։ Արդյունքում, մենք կորցնում ենք հավատը մեր երկրի ու մեր ապագայի նկատմամբ, արդյունքում մեզնից շատերը սկսում են նաև մտածել՝ թե ինչպես փախչել այս մղձավանջից։ Այդ ամենի փոխարեն, եկեք հիշենք, որ մենք ընտրել ենք իշխանություն, որպեսզի այն երկրի համար անվտանգություն և զարգացում ապահովի, ոչ թե շարունակաբար ձախումներ անի, և իր ողջ ջանքը դնի դրանք սրբագրելու, մեզ իր ձախողումները "կերցնելու", հերթական անգամ հանրային դժգոհությունը «լղոզելով»մարելու, և իր սև գործը նորից հանգիստ շարունակելու վրա։

Եթե ընտրված իշխանությունը ձախողում է իր առանցքային պարտականությունը իրեն ընտրողների առաջ, այն պետք է հեռանա, և ճանապարհ բացի հանրային կյանքը խելամիտ կերպով վերակազմակերպելու համար։ Որքան երկար է այն կառչում իր երերող աթոռից, այնքան շատ կորուստներ է այն պատճառում երկրին, այնքան ավելի անշրջելի են դառնում դրանք, այնքան ավելի ցավոտ է դառնում բոլորիս համար այս խորացող ճգնաժամը հաղթահարելը։ Այս իշխանությունը պետք է հեռանար դեռ վաղուց, պատերազմը անփառունակ  պարտվելուց հետո, սակայն կառչելով իր աթոռին, նա ամեն անցնող տարի, ամեն անցնող օր նորանոր կորուստներ է պատճառում մեզ, և խլում մեզնից մեր իսկ ապագան։ 

Ես դրա հետ չեմ ցանկանում համակարպվել, և պայքարելու եմ նրա համար, որ այս վարչակարգը հեռանա, իսկ մենք էլ հնարավորություն ստանանք փակելու անվերջ թվացող ողբերգությունների այս էջը։ Մեր զավակների արյունը անսպառ չի, և եթե մենք մտածում ենք նրանց ապագայի մասին, պետք է գործենք արդեն այսօր»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր