211652_close_icon
views-count579 դիտում article-date 14:55 19-01-2023

Եվրախորհրդարանի բանաձեւը շատ կարեւոր է եւ արտահայտում է օբյեկտիվ իրողություն. Փաշինյան

Եվրախորհրդարանի բանաձեւը շատ կարեւոր նշանակություն ունի եւ արտահայտում է օբյեկտիվ իրողություն։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա շնորհակալություն հայտնեց Եվրախորհրդարանին եւ գործընկերներին, որոնք հետեւողականորեն աշխատել են օբյեկտիվ իրականությունը ներկայացնելու ուղղությամբ։ «Մենք պետք է շարունակենք աշխատանքը եւ հասնենք հռչակված քաղաքական օրակարգի իրականացմանը»,- հավելեց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ Եվրախորհրդարանի բանաձեւը խստորեն դատապարտում է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան՝ այն գնահատելով որպես հրադադարի ռեժիմի խախտում եւ խաղաղ գործընթացի համար լուրջ բացասական հետեւանքներ ունեցող ակցիա։ «Եվրախորհրդարանը վերահաստատում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է ամբողջությամբ պահպանվի եւ կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից»,-փաստեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ Եվրախորհրդարանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեւական խաղաղություն չի կարող ձեռք բերվել ռազմական միջոցներով, այլ պետք է համակողմանի քաղաքական կարգավորում՝ համապատասխան միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի կանոնադրությանը, 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտով ամրագրված սկզբունքներին, ինչպես նաեւ 2009 թվականի ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ տարածքային ամբողջականության, ինքնորոշման եւ ուժի չկիրառման մասին հիմնարար սկզբունքներին։

«Եվրախորհրդարանը մտահոգություն է հայտնել ռազմական հանցագործությունների եւ հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանցի զինծառայողների անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ եւ կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։ Եվրախորհրդարանը հաստատում է, որ համապարփակ խաղաղության պայմանագրում Ադրբեջանը պետք է հաշվի առնի հակամարտության արմատական պատճառները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո տեղահանված անձանց եւ փախստականների վերադարձը իրենց տներ, միջկրոնական երկխոսություն, մշակութային, կրոնական եւ պատմական ժառանգության եւ տարածքային ամբողջականության պաշտպանություն եւ պահպանում: Եվրախորհրդարանը ողջունում է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով, կոչ է անում Եվրամիությանը ավելացնել փորձագետների թիվը եւ ընդլայնել առաքելության հնարավորությունները, ինչպես նաեւ կոչ է անում ուժեղացնել ներկայությունը տարածաշրջանում: Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, քանի որ դա կարող է կանխամտածված մարդասիրական ճգնաժամ հրահրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար»,- նշեց Փաշինյանը։ 

Փաշինյանը հիշեցրեց նաեւ Եվրախորհրդարանի պահանջը Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։

Նմանատիպ նյութեր