211652_close_icon
views-count1823 դիտում article-date 21:03 09-01-2023

Քաղավիացիան վրիպակ է թույլ տվել, տվյալներ տալով, թե նույն օրում Սերժ Սարգսյանը Բադենից թռիչք է կատարել դեպի Երևան, հետո հետ թռել Բադեն-Բադեն․ «Առավոտ»

Այսօր դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ Սերժ Սարգսյանն ընդդեմ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործի քննության շարունակությունն էր: Գրում է «Առավոտը»։

Դատարան էր ներկայացվել Խաչատուր Սուքիասյանի՝ «Հայէկոնոմբանկում» մասնակցության տոկոսի, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի հայտարարագրած միջոցների վերաբերյալ տեղեկություններ: Ըստ այդ տեղեկությունների, Սերժ- Սարգսյանի միջոցները պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ կազմել են 25 մլն 200 հազար դրամ,աշխատանքի վարձատրությունը՝ 15 մլն 470 հազար դրամ, մեկ այլ աշխատանքի վարձատրությունը՝ 659 հազար դրամ, տրված փոխառությունների դիմաց տոկոսների հատուցումը կազմել է 3 մլն դրամ: Նրա անունով «Միտսուբիշի» մակնիշի ավտոմեքենա է հաշվառված եղել: Դատարանում ներկայացվեց Սերժ Սարգսյանի՝ նախորդ տարիների հայտարարագրած միջոցները եւս:

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր. «Բոլորդ լավ գիտեք 3-րդ նախագահը հարյուր միլիոն դոլարից ավելի կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադենում․․․ Պարոն Օհանյանը լավ գիտի, 3-րդ նախագահն եկել է Հայաստան, կոշիկներից մեկը մի համար մեծ է եղել, մյուսը՝ մի համար փոքր, ոնց ա եղել, որ «Ֆաբերժե» չգիտեմ ինչեր էր․․․, որտեղի՞ց, ինչի՞ հաշվին, զենքերի հաշվին, մեր զինվորների հաշվին,  կրթության հաշվին, առողջապահության հաշվին ու համակարգ չենք ունեցել․․․»։

Հայցով Սերժ Սարգսյանը պահանջում է, որ Սուքիասյանը ԱԺ նիստում 7 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ անհնարինության դեպքում` ԱԺ հերթական նիստում, հերքի Սերժ Սարգսյանի` Բադեն–Բադենում 100 մլն դոլարից ավելի գումար պարտվելու մասին իր նախկին հայտարարությունը, ընդ որում` առանց սեփական որևէ մեկնաբանություն ավելացնելու։ Բացի այդ, պահանջում են, որ Սուքիասյանը նույն հերքման տեքստը հրապարակի առնվազն 1000 տպաքանակ ունեցող ԶԼՄ–ում, իսկ ԱԺ աշխատակազմն այն հրապարակի իր պաշտոնական կայքում` դարձյալ առանց որևէ սեփական մեկնաբանության։ Հայցով պահանջվում է Խաչատուր Սուքիասյանից բռնագանձել 1 մլն դրամ` որպես զրպարտության փոխհատուցում եւ խոստանում են գումարն անմիջապես ամբողջությամբ փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր