211652_close_icon
views-count896 դիտում article-date 14:22 26-12-2022

ԱՊՊԱ սակագները կազատականացվեն. յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն կառաջարկի սեփական ապահովագրավճարները. Արմենպրես

2023 թվականին ԱՊՊԱ սակագները կազատականացվեն. գների ազատականացման պահից Հայաստանի Հանրապետությունում գործող յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն կառաջարկի սեփական մոդելավորման հիման վրա ստացած ապահովագրավճարները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը՝ ընդգծելով, որ սակագների ազատականացումը, տեխնիկական լուծումներով պայմանավորված, ամենայն հավանականությամբ հաջորդ տարվա մարտ ամսից շուտ չի գործարկվի։

«Բացի այդ, անցումը նոր սակագներին փաստացի կատարվելու է աստիճանաբար` յուրաքանչյուր գործող ԱՊՊԱ պայմանագրի վերակնքման ժամկետի վրա հասնելու պահից։ Գների ազատականացման պահից Հայաստանի Հանրապետությունում գործող յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն կառաջարկի սեփական մոդելավորման հիման վրա ստացած ապահովագրավճարները, որի արդյունքում նվազագույն գնառաջարկ ընտրած շուրջ 50% ապահովադիրների համար ԱՊՊԱ պայմանագրերը կէժանանան, 30%-ի համար կմնան գրեթե նույնը, իսկ մոտ 20%-ի համար կթանկանան՝ պայմանավորված մի շարք գործոններով։ Օրինակ՝ գնիջեցումներ կլինեն ՀՀ մարզերում գրանցված և միջին տարիքի ապահովադիրների համար։ Ազատականացման արդյունքում յուրաքանչյուր ապահովադիր կկարողանա մուտք գործել արդեն իսկ գործող առցանց կնքումների հարթակ և տեսնել իր մեքենայի համար առաջարկվող ապահովագրավճարը։ ASWA.am կայքի  միջոցով հարցում կատարելիս՝ ապահովադիրը կտեսնի 6  տարբեր սակագներ, որոնք կառաջարկվեն  6 տարբեր ընկերությունների կողմից ։ Այնուհետև կարող է ընտրել իր կողմից նախընտրած ընկերությունը և կնքել ԱՊՊԱ պայմանագիր»,-ասաց Վաղինակ Եղիազարյանը։

Ըստ նրա՝ կարևոր է նշել նաև այն փաստը, որ գների ազատակացման արդյունքում ընդհանուր շուկայի ապահովագրավճարներն էական փոփոխության չեն ենթարկվի։ Եթե բոլոր ապահովադիրներն ընտրեն լավագույն գնառաջարկը, ապահովագրավճարների ընդհանուր ծավալը նույնիսկ կնվազի։

Հարցին, թե ապահովագրական գործակալությունների համար նոր մոդելին անցնելը պարտադի՞ր է լինելու, Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենն ասաց, որ նոր մոդելին անցումը տեղի է ունենալու Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի և Բյուրոյին անդամակցող ապահովագրական ընկերությունների միջև համաձայնեցված ընթացակարգով և լինելու է պարտադիր։

Վաղինակ Եղիազարյանը նշեց, որ գրեթե բոլոր երկրներն ԱՊՊԱ համակարգի ներդրմանը հաջորդող տարիների ընթացքում անցնում են գների ազատականացման, դա ճիշտ գործիքակազմ է համարվում վերոնշյալ շուկայի զարգացման համատեքստում։  Այն միտված է ապահովագրական շուկայի զարգացմանը։

 «Սակագների ազատականացումը ապահովագրական ընկերությունների համար կստեղծի նոր մրցակցային պայմաններ, հետևաբար՝ ընկերությունները, կանխատեսվում է, որ կմրցեն ոչ միայն ապահովագրավճարներով, այլ նաև որակյալ ծառայություններով և առավել արդարացի հատուցումներ տրամադրելով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր