211652_close_icon
views-count1115 դիտում article-date 14:04 22-12-2022

Կառավարությունը 975 մլն դրամ կհատկացնի մի շարք կրթական և մշակութային հաստատություններում կապիտալ ծրագրերի իրականացման համար

Կառավարությունը 975 միլիոն դրամ կհատկացնի մի շարք կրթական և մշակութային հաստատություններում կապիտալ ծրագրեր իրականացնելու համար: Կառավարության այսօրվա նիստում նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Մի շարք հաստատություններում նախատեսում ենք իրականացնել նախագծանախահաշվարկային փաստաթղթերի մշակում հետագա անհրաժեշտ աշխատանքները անելու համար: Եվ այստեղ ունենք երկու դպրոց, մեկ մշակութային հաստատություն և մեկ շատ կարևոր ծրագիր, որն ուղղված է դպրոցականների գիտական հետաքրքրվածության մեծացմանը և այդ նպատակով գիտական միջավայրի և թանգարանի ձևավորմանը: Եվ այս փուլով առաջարկում ենք նախագծանախահաշվարկային փաստաթղթերի մշակում իրականացնել»,- ասաց Անդրեասյանը:

Նախագծով առաջարկվում է նաև իրականացնել շինարարական աշխատանքներ չորս մշակութային հաստատություններում:

«Այն էապես կփոխի այդ մշակութային հաստատությունների պայմաններն ու միջավայրը և թույլ կտա, որ դրանք աշխատեն շատ ավելի արդյունավետ և կարողանան ընդունել մեծ թվով այցելուների»,- նշեց Անդրեասյանը:

Նախագծով նախատեսվում է նաև 6 կրթական հաստատությունները և երեք մշակութային հաստատությունները գույքով ապահովել:

«Այստեղ հիմնականում այն կրթական հաստատություններն են, որտեղ արդեն արվել են անհրաժեշտ վերակառուցման և վերանորոգման աշխատանքները և ներկայումս գույքի ապահովումը թույլ կտա ամբողջացնել արված աշխատանքները»,- եզրափակեց Անդրեասյանը:

Նմանատիպ նյութեր