211652_close_icon
views-count5216 դիտում article-date 21:59 19-12-2022

«Ձգտելով ավելիին». Ալիսա Դանիելյան

«Ես միշտ ձգտում եմ ավելիին ու փորձում եմ ամեն ինչ»: Այս կարգախոսով առաջնորդվող Ալիսա Դանիելյանը Հայաստանի երիտասարդ քանդակագործներից մեկը դարձավ, որը ունեցավ իր առաջին անհատական ցուցահանդեսը  «Փյունիկ» բարեգործական հիմնադրամում։

Ալիսան առաջին մասնագիտությամբ լինելով տնտեսագետ` չբավարարվեց դրանով և երկորդ մասնագիտության համար սովորեց Գեղարվեստի պետական ակադեմիայի Քանդակագործության բաժնում. «Տնտեսագիտություն սովորելիս այնպես դասավորվեց, որ սկսեցի աշխատել տարբեր տեղերում և հասկացա, որ կյանքի որոնումներում պիտի գտնեմ ինձ համար ներդաշնակ մասնագիտություն. 26 տարեկանում ընդունվեցի Փ. Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանի Քանդակագործության բաժին։ Հասկացա, որ ինչքան էլ հասարակությունը իր կարծրատիպերն է թելադրում, միևնույն է՝ բոլորս էլ միայնակ ենք անցնում մեր կյանքի ուղին։ Այդ պատճառով էլ հետևելով ոչ թե շահույթին, այլ սրտիս թելադրանքին, ընտրեցի քանդակագործությունը»։

Ալիսային քանդակագործությունը գրավել է դեռ մանկուց։ Ապրելով Ռուսաստանի Դաշնությունում՝ հաճախել է մշակույթի դպրոց։ Երբ համեմատում է նկարչությունն ու քանդակագործությունը, վստահորեն հավանություն է տալիս երկրորդ տարբերակին, քանի որ, ըստ իր խոսքի, թուղթը սահմանափակում է իրեն, իսկ քանդակի դեպքում՝ «մենք գործ չենք ունենում աչքի խաբկանքի հետ, այլ շոշափելով այն, դիտում ենք չորս կողմից և զգում էներգետիկան»:

Ալիսան մեկնաբանում է. «Երբ իմ ներքին աշխարհն եմ ուզում ցույց տալ մարդուն, դա անում եմ քանդակներիս միջոցով։ Մենք, քանի որ կավածին ենք, պահանջ ունենք նաև ստեղծելու։ Էներգետիկան ինձ փոխանցվում է սկսած այն պահից, երբ բացահայտում եմ բնորդիս և ստեղծում նրա քանդակը»։

Հետաքրքիր է քանդակի արարման գործընթացը ևս. նա աշխատում է այնպես, որ կավի հետ հաղորդակցվելիս հենց կավը թելադրի, թե ինչ պիտի դառնա վերջում։ Ալիսան քանդակներ ունի, որոնք արել է առանց գիտակցելու, թե ինչ է վերջում ստացվելու: Զուր չէ ժողովրդի սիրված արտահայտությունը`«ամեն աշխատանքում պիտի հոգի դնես»… Ալիսայի կերպարը կա ամեն քանդակում:

Բնավորությամբ պայքարող է Ալիսան. բազմիցս բարձրաձայնել է այն հարցը, որը վերաբերվել է հայ քանդակագործների աշխատատեղերի հնարավորությունների սահմանափակմանը։ Ափսոսանքով է նշում, որ շատերը, երբ ավարտում են տվյալ բաժինը, չեն ունենում իրենց մասնագիտական աշխատանքը, քանի որ աշխատաշուկայում պահանջարկը այլընտրանքային է լինում։ Ալիսան, լինելով իր գործի նվիրյալը, նաև բարեգործական հիմունքներով երեխաներին սովորեցնում է քանդակագործություն` ձևավորելով նրանց մեջ սեր և հետաքրքրություն դեպի արվեստ։

Նա սիրում է երեխաների հետ աշխատել, փաստելով նաև 2020 թվականի Ձնե քանդակների փառատոնը, որն իրականացավ նրա կազմակերպման շնորհիվ։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աշակերտները 2020 թվականի ձմռանը հնարավորություն ունեցան ծանոթանալու քանդակների արարմանը` իրենց մասնակցությամբ։

Ալիսան չհանձնվող է, նույնը ցանկանում է մյուսներին: Որպես ամփոփում` նա երիտասարդ քանդակագործներին խորհուրդ տվեց չվախենալ քննադատություններից, նվիրվել սիրված մասնագիտությանն ու ձգտել ավելիին…

Նյութի հեղինակ՝ Հեղինե Մխիթարյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր