211652_close_icon
views-count932 դիտում article-date 21:13 16-12-2022

Երբեք չենք լինելու ՌԴ-ի վրա ճնշում գործադրելու կամ նրա հեղինակությանը վնաս հասցնելու գործիք. Արցախի նախագահ

Արդեն չորրորդ օրն է՝ Ադրբեջանը «հուզական» և ուշադրության գրավման համար հետաքրքրական՝ բնապահպանական կեղծ թեմաներով համեմված օրակարգով շրջափակման մեջ է պահում Արցախի 120.000 բնակչությանը՝ այդ կերպ արցախահայությանը կանգնեցնելով հումանիտար աղետի առջև:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նխագահ Արայիկ Հարությունյանը:

Նա նաեւ նշել է. «Բայց ինչպես տեսնում ենք, արցախցին ծնկի չի եկել և արժանապատվորեն հաղթահարում է 21-րդ դարին անհամատեղելի ու քաղաքակիրթ մարդու համար գրեթե աներևակայելի մերօրյա գործընթացներն ու դրանցից ծնվող դժվարությունները, տառապանքները, հումանիտար հետևանքները:

Այս կապակցությամբ Արցախի Հանրապետության ժողովրդի անունից հայտարարում եմ՝

  • Արցախի ժողովուրդը տարածաշրջանում խաղաղության, կայունության, ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունների կողմնակիցն ու ջատագովն է.
  • Արցախի ժողովուրդը բաց է ցանկացած հարցի, խնդրի քննարկման, ազատ երկխոսության համար, տրամադրված է կառուցելու և ակնկալում է փոխադարձ իրավունքների հարգանքի հիման վրա ձևավորված կառուցողական հարաբերություններ.
  • Մենք անընդունելի ենք համարում պարտադրանքի, հարկադրանքի, ուժի ցուցադրման ու կիրառման սպառնալիքի գործադրումը և կոչ ենք անում վերջնականապես հրաժարվել արցախյան ազատագրական պայքարի մեկնարկի պատճառ դարձած և Ադրբեջանի պետական քաղաքականության անբաժանելի մաս հանդիսացող՝ Արցախը հայաթափելու գաղափարից: Միայն այդ դեպքում է խաղաղության հասնելու կամքը լինելու գնահատելի, իսկ խաղաղությունը՝ անկեղծ, իրական ու շոշափելի.
  • Արցախի ժողովուրդը ընդունել է իր իրավունքների դեմ ուղղված ոտնձգությանը դիմակայելու և մեզ հասցված ֆիզիկական զրկանքները արժանապատվորեն կրելու որոշում՝ այդ կերպ չեզոքացնելով Մայր Հայաստանին զիջումներ պարտադրելու բոլոր հնարավոր փորձերը, որոշման կայացումը կաշկանդող պայմանները.
  • Մեր երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետությանը և սփյուռքի մեր այն հայրենակիցներին, ովքեր Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ այս օրերին կատարվող ոճրագործության մասին բարձրաձայնում և իրազեկում են միջազգային հանրությանը, նախաձեռնում իրավական գործընթացներ, պարզապես քաջալերում և գոտեպնդում են արցախցուն.
  • Մեր երախտագիտությունն ենք հայտնում ռուս խաղաղապահներին՝ իրենց առաքելությանը հավատարիմ մնալու համար: Օրեր շարունակ խաղաղապահները, առանց տեղացող սադրանքներին, ցուցադրական վիրավորանքներին ու արհամարհական վերաբերմունքին տուրք տալու հաստատակամ ու անսասան կեցվածքով կանգնած են Արցախի ժողովրդի կողքին:

Մենք բարձր ենք գնահատում խաղաղապահների գիտակցված քայլերը՝ ուղղված մեր ժողովրդի հումանիտար խնդիրները մեղմելուն, շարունակելու ենք մեր պայքարը և երբեք չենք լինելու Ռուսաստանի Դաշնության վրա ճնշում գործադրելու կամ նրա հեղինակությանը վնաս հասցնելու գործիք, քանզի վստահ ենք, որ Ռուսաստանի Դաշնությունում առկա է խնդիրները դիվանագիտորեն և երկխոսության ճանապարհով հանգուցալուծելու անբեկանելի կամք:

Նմանատիպ նյութեր