211652_close_icon
views-count1430 դիտում article-date 12:56 15-12-2022

ԼՂ-ում ստեղծված իրավիճակն այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ, հնարավոր չէ անվանել. Նիկոլ Փաշինյան

Վերջին օրերին իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրաստիճան սրվել է: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանը նախ արգելափակել է Լաչինի միջանցքը, ապա փակել ԼՂ-ն բնական գազով մատակարարող խողովակը: Այս սադրիչ գործողությունների հետեւանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հայտնվել են ձմեռային  եղանակի պայմաններում իրենց բնակարանները  ջեռուցելու   դժվարությունների առաջ: Հազարավոր մարդիկ, այդ թվում երեխաներ, ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ կիսվել են՝ ակամա հայտնվելով շրջափակման   տարբեր կողմերում: Առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից եւ առողջապահական ծառայություններից: Խափանվել են պարենի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները: 120 հազար մարդ շրջափակման մեջ, փաստացի, հայտնվել է պատանդի կարգավիճակում: Գազով ջեռուցվող դպրոցներն ու մանկապարտեզները հարկադրված դադարեցրել են աշխատանքները, ինչի հետեւանքով  շուրջ 22 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքից:

ԼՂ-ում ստեղծված  իրավիճակն այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ, հնարավոր չէ անվանել:  Այդ ճգնաժամն առաջացել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած  միջազգային պարտավորությունները չկատարելու  հետեւանքով:

Լաչինի  միջանցքի փակումը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության ուղղակի եւ կոպիտ ոտնահարում է Ադրբեջանի կողմից այն պարզ հիմնավորմամբ, որ այդ հայտարարության 6-րդ կետի համաձայն Լաչինի միջանցքը գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, եւ Ադրբեջանը երաշխավորում է  Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների  եւ բեռների երթեւեկության անվտանգությունը»,-ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ այդ հայտարարության տակ դրված է Ալիեւի ստորագրությունը:

Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից այդ հայտարարության խախտումները խրոնիկ բնույթ են կրում. «Այդ խախտումները հետեւյալն են. հայտարարության առաջին կետում արձանագրվում է ԼՂ հակամարտության գոտում կրակի եւ բոլոր ռազմական  գործողությունների դադարեցման մասին: Ի հեճուկս այս արձանագրման Ադրբեջանի կողմից ապօրինի ռազմական գործողություններ են ձեռնարկվել սկսած 2020 թվականի դեկտեմբերի 13-ից , այսինքն եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց, մասնավորապես, ԼՂ Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի օկուպացիայի  տեսքով: 2022-ի մարտի 24-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները ներխուժել են ԼՂ-ում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի Փառուխ գյուղի հատվածում Քարագլուխի բարձունք եւ մինչ օրս շարունակում են մնալ այնտեղ: Նմանատիպ ռազմական գործողություններ տեղի են ունեցել նաեւ դրանից առաջ եւ հետո ԼՂ-ում ադրբեջանական ԶՈՒ կողմից հրադադարի  խախտումները ԼՂ-ի հետ շփման գծում շարունակում են պարբերական բնույթ կրել:

Եռակողմ հայտարարության 1-ին կետի կոպտագույն խախտում է նաեւ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների օկուպացիան 2021-ի մայիսի 11-ի, նոյեմբերի 14-ի եւ 2022-ի սեպտեմբերի 13-ի սադրանքների  հետեւանքով:

Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության 1-ին կետի կոպիտ ոտնահարում են նաեւ  հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումները ՀՀ-Ադրբեջանի սահմանի երկայնքով»:

Վերը նշված  գործողությունները խախտում են այդ թվում եռակողմ հայտարարության 3-րդ կետը, ըստ որի ԼՂ-ում ձեւավորվում է շփման գիծ, ԼՂ-ում ռուսական խաղաղապհ զորախմբի պատասխանատվության ներքո:

Ադրբեջանի շարունակական պնդումները, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, նույնպես եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է:

Ադրբեջանը կոպտորեն եւ շարունակաբար խախտում է նաեւ հայտարարության 7-րդ կետը, որի համաձայն ներքին տեղահանված անձինք եւ փախստականները վերադառնում են ԼՂ տարածք եւ հարակից տարածքներ ՄԱԿ-ի փախստականների գծով գլխավոր հանձնակատարի  աշխատակազմի վերահսկողության ներքո: Մինչեւ այժմ ՄԱԿ-ի ներկայացուցիչները Ադրբեջանի կողմից  հարուցված խոչնդոտների պատճառով չեն կարողացել մուտք գործել ԼՂ:  Մինչեւ այժմ ԼՂ Հադրութի շրջանից բռնի տեղահանված քաղաքացիների հարցերը լուծված չեն»,-ասաց Փաշինյանը:

Նա մեջբերեց եռակողմ հայտարարության ձեւակերպումը, որտեղ նշված է, որ փախստականները վերադառնում են ԼՂ տարածք. «Այս ձեւակերպումը նշանակում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, այն ունի տարածք: Ասել, որ գոյություն չունի Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանը, ըստ էության, հայտարարում է, որ փախստականները վերադառնալու տեղ չունեն, ինչը հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է»,-ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր