211652_close_icon
views-count860 դիտում article-date 20:25 13-12-2022

Սա Արցախի հայերի կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելու քաղաքականության շարունակությունն է. Արմեն Գևորգյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը Արցախի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ նամակ է ուղղել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:

Նամակը՝ ստորև.

«Հարգելի՛ գործընկերներ,

Ձեզ եմ դիմում  2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղում) ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Այդ օրը, ինչպես և այս տարվա դեկտեմբերի 1-ին, ազգությամբ ադրբեջանցիների մի խումբ Ադրբեջանի ներկայիս իշխանությունների լիակատար և բացահայտ աջակցությամբ փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Նման գործողություններով ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության բնակչությանը փաստացի զրկում է արտաքին շփման հնարավորությունից ՝  թողնելով վերջինիս լիակատար շրջափակման մեջ՝ դրանից բխող մարդասիրական, ռազմաքաղաքական և տնտեսական բոլոր հետևանքներով հանդերձ։ Այս գործողությունները կարելի կլիներ հստակ քաղաքական սադրանք համարել, որի նպատակը Լեռնային Ղարաբաղի խիզախ ժողովրդին հոգեբանական և բարոյական ճնշման ու շանտաժի ենթարկելն էր։ Բայց իրականում այս իրավիճակը Ադրբեջանի իշխանությունների կողմից դեռ այս տարվա գարնանը սկսված Արցախի Հանրապետության հայերի կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելու և ահաբեկելու հետևողական քաղաքականության փաստացի շարունակությունն է։ Այս տարի սա Ադրբեջանի հերթական լայնածավալ սադրանքն է՝ մարտին գազատարի պայթեցումից և Արցախի Հանրապետությունում հումանիտար աղետային իրավիճակի ստեղծումից, զինադադարի համաձայնագրի խախտմամբ նոր տարածքների զավթումից և 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայից հետո։  Հայ ժողովուրդը, լինելով ազատ Եվրոպայի և ժողովրդավարական քաղաքակրթության անբաժանելի մասը, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ, հայտնվել է մի իրավիճակում, երբ որոշիչ գործոններ են թյուրքական համերաշխությունն ու էներգետիկ ռեսուրսները:

Հարգելի գործընկերներ,

Ստեղծված իրավիճակն այն բանի արդյունքն է, որ մեր կազմակերպությունը, փոխանակ ազնվորեն խոսելու այն մասին, թե ով է վերջին 30 տարիների ընթացքում տարածաշրջանում սանձազերծել բոլոր ռազմական գործողությունները և հետևողականորեն էթնիկ զտումների քաղաքականություն վարել Լեռնային Ղարաբաղում, փոխանակ հետաքննելու Ադրբեջանի կողմից 2020 թվականի պատերազմի ժամանակ արգելված ֆոսֆորային ռումբերի կիրառումը, դատապարտելու այս տարվա գարնանն ու աշնանը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության ազատատենչ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի նոր ռազմական հանցագործությունները՝ որոշել է պարզապես հեռանալ իրականությունից և ձևացնել, թե ինտենսիվ կերպով նպաստում է կողմերի հաշտեցմանը։

Գործընկերներ,

Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Արևմուտքի համատեղ ջանքերով Ադրբեջանը Հարավային Կովկասում դառնում է նոր «ցանկալի» աշխարհաքաղաքական գործընկեր, որի հետ նույն Արևմուտքն ավելի ժողովրդավար Հայաստանից պահանջում է շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքել։

Ի՞նչ ջանքերի մասին է խոսքը:

Նախ՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիաների և հանցագործությունների կոշտ դատապարտումներ չեն եղել, չկան պատժամիջոցներ։ Հայաստանի նկատմամբ մշտապես հնչող տարածքային պահանջները և ուժի կիրառման նոր սպառնալիքներն էապես անհետևանք են։

Երկրորդ, միջազգային հանրությանը չի մտահոգում Ադրբեջանի շարունակվող ինտենսիվ ռազմականացումը, ինչը միջազգային պայմանագրերով սահմանված բոլոր նորմերի և քվոտաների ոտնահարում է։

Երրորդ, էներգակիրների գնման նոր ծավալների շուրջ ԵՄ-ի ինտենսիվ բանակցություններն ամրապնդեցին Ալիևի քաղաքական ռեժիմի քմահաճույքներից Եվրոպայի կախվածության մասին Ադրբեջանի պատկերացումը:

Չորրորդ՝ Ադրբեջանը ելնում է նրանից, որ միջազգային հանրությունը երկար ժամանակ աչք է փակելու իր ռազմական հանցագործությունների վրա՝ դրսևորելով երկակի ստանդարտներ, այդ թվում՝ գիտակցելով, որ իր օգնությամբ կարելի է արագացնել Ռուսաստանի դուրս մղումը Հարավային Կովկասից։

Եվրոպական քաղաքական էլիտաների պահվածքը հանգեցրել է նրան, որ օրեցօր ամրապնդվում է նախագահ Ալիևի ավտորիտար ռեժիմի ոչ միայն անպատժելիության, այլև՝ ամենաթողության զգացումը։ Եվ, ի վերջո, մի քանի հարց, որոնց շուրջ առաջարկում եմ մտորել։

1.Կցանկանայի հասկանալ՝ Արևմուտքի հիմնական քաղաքական էլիտաները պատրա՞ստ են այսօր Ուկրաինային առաջարկել համակերպվել Ռուսաստանի ռազմական գործողությունների հետ և ինտենսիվ խաղաղ բանակցություններ վարել վերջինիս առաջարկած պայմաններով։ Դատելով Ուկրաինային ցուցաբերվելիք շարունակական աջակցության մասին որոշումներից՝ քիչ հավանական է։ Այդ դեպքում ինչո՞ւ է բոլորովին այլ մոտեցում ցուցաբերվում Հայաստանի իրավիճակին, երբ Ադրբեջանի ակնհայտ ռազմական ագրեսիայի և նրա կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման պայմաններում Արևմուտքն առավել հանդուրժող և բարյացակամ է Ադրբեջանի հանդեպ։

  1. Արդյո՞ք հարգարժան եվրոպացի գործընկերները որոշակի անհարմարության, շփոթմունքի և թերարժեքության (մեղքի) զգացում ունեն, երբ, ըստ հեղինակավոր Economist-ի ժողովրդավարության ինդեքսի, Եվրոպայի խորհրդի միակ ավտորիտար պետությունը՝ Ադրբեջանը, շարունակում է մնալ ազատ ու ժողովրդավարական պետությունների ակումբի անդամ և դասեր ու հրահանգներ տալ ազնվության ու արդարության մասին։

 

3.Արդյո՞ք Արևմուտքը պատկերացնում է, թե նախագահ Ալիևի պես գործիչը որքան կմնա իր ռազմավարական ազդեցության ներքո։ Ժամանակին եվրոպական երկրները կառուցողական փոխգործակցություն էին հաստատում Հյուսիսային Աֆրիկայի և արաբական աշխարհի ավտորիտար ռեժիմների հետ՝ լուծելու էներգետիկ ռեսուրսների խնդիրները։ Թե ինչպես դա ավարտվեց Լիբիայի ու նրա նախկին առաջնորդ Քադաֆիի պարագայում, բոլորին է հայտնի։

4.Արևմտյան էլիտաները պատրա՞ստ են համակերպվել իրենց երկրների ներքաղաքական գործընթացների վրա Թուրքիայի և Ադրբեջանի գլխավորությամբ թյուրքական աշխարհի աճող ազդեցության հետ և դառնալ ազատ Եվրոպայի քաղաքակրթական դեֆորմացիայի վկան։

5.Ո՞րն է Ադրբեջանի դեպքում արևմտյան էլիտաների «կարմիր գիծը», որպեսզի կամք դրսևորեն և ձգտեն ստիպել նրան  հարգելու միջազգային իրավունքի նորմերը, կատարելու իր պարտավորությունները և բացառեն ռազմական նոր հանցագործությունները:

Գործընկերներ,

Ամենից շատ չէի ցանկանա հավատալ, որ ԵԽ-ն իր այսպես կոչված չեզոք և կառուցողական գործողություններով ու մոտեցումներով խրախուսում է Ադրբեջանի ագրեսիվ ռազմական քաղաքականությունը։ Որոշ հանգամանքների բերումով ԵԽ-ն վճռականություն չի ցուցաբերում՝ հայտարարելու Եվրոպայի խորհրդի անդամ Ադրբեջանի կողմից իրականացվող մշտական և շարունակական ռազմական հանցագործությունների մասին։  Ստեղծվում է անընդունելի մի իրավիճակ, երբ Եվրոպայի խորհուրդը չի հաստատում իր անդամ երկրի գործած ռազմական հանցագործությունների փաստը և իրավիճակը թողնում է անհետևանք։ Արդյունքում ստացվում է, որ մեր կազմակերպության հեղինակությունն ու իշխանությունը ոտնահարվում են հանուն Ադրբեջանի ազգային շահերի։ Ցավոք, այսօր մեր կազմակերպությունը վերածվում է հարթակի, որն Ադրբեջանի քաղաքական ռեժիմն անխնա օգտագործում է իր հակահայ քաղաքականությունը լեգիտիմացնելու համար։ Ադրբեջանը Եվրոպայի Խորհուրդը վերածում է սեփական ազգային ու աշխարհաքաղաքական շահերը սպասարկող մեխանիզմի։ Իրերի այս դրության շարունակությունն արդեն վկայելու է ոչ այնքան երկակի ստանդարտների քաղաքականության, որքան Եվրոպայի խորհրդի անգործունակության մասին:

Եվրոպայի խորհրդի համար խաղաղությունը մեր տարածաշրջանում պետք է նշանակի հետևյալը.

  • ստիպել Ադրբեջանին կատարելու իր պարտավորությունները, բացառապես խաղաղ միջոցներով հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը՝ ազնիվ և անկողմնակալ կերպով հաստատելով խաղաղ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի փաստերը,
  • Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացմանն ուղղված Ադրբեջանի գործողությունների դատապարտումը և ագրեսորին պատժելու կամքի դրսևորումը` համաձայն Եվրոպայի խորհրդի կանոնադրության և հիմնադիր փաստաթղթերի,
  • Բացառել այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանը կարող է օգտագործել Եվրոպայի խորհուրդը՝ որպես իր ագրեսիվ քաղաքականության օրինականացման և ժողովուրդների ինքնորոշման միջազգայնորեն ճանաչված հիմնարար իրավունքի ապալեգիտիմացման հարթակ։

.  Մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերում անզիջում վերաբերմունքի դրսևորում՝ հետաքննելով և պատասխանատվության ենթարկելով Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների և ռազմական հանցագործությունների մեղավորներին»:

Նմանատիպ նյութեր