211652_close_icon
views-count117549 դիտում article-date 12:20 12-12-2022

Սպանություն Կոտայքի մարզում․ ննջասենյակում հայտնաբերվել է խեղդամահ արված կնոջ դի․ մինչ դատաբժիշկը դիակի զննություն էր կատարում, ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին կասկածյալին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում Աբովյանի շտապօգնությունից ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի նրբանցքներից մեկի սեփական տուն, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոնյանը։

Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Խաչատուրյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանը և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանը, քննչական բաժնի պետի տեղակալներ Արման Պապյանն ու Օգսեն Հարությունյանը։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են նույն տան բնակչուհի 78-ամյա Մ․Ն․-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ վերջինս մահացել  է խեղդամահ լինելու հետևանքով։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Աբովյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ; 

Ոստիկանները սահմանազատել են տարածքը և տեղում կատարել են ուժեղացված ծառայություն, քանի որ սպանության վայրում են գտնվում նաև սպանվածի հարազատները։

Համայքնային ոստիկաններին հաջողվել է կրքերը հանդարտեցնել, ինչից հետո տեղում աշխատում էր Աբովյանի քնչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սերյոժա Սեդրակյանի և Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ։ 

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հ․ Չալաբյանի որոշմամբ՝ ստեղծվել է քննչական խումբ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Մինչ դեպքի վայրում դատաբժիշկը աշխատում էր, Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են դեպքի որոշ հանգամանքներ և սպանությունը կատարելու կասկածանքով Կոտայքի մարզում հայտնաբերել ու ոստիկանության Աբովյանի բաժին են բերման ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Խ․Մ-ին, ում այնուհետև ներկայացրել են Աբովյանի քննչական բաժին, որտեղ վերջինս քննիչի որոշմամբ, որպես կասկածյալ, ձերբակալվել է։

Սպանության վայրում հավաքված սպանվածի հարազատներն ու հարևանները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին․ «Զայրացած ու զարմացած ենք, թե ինչպես է նրա ձեռքը գնացել անկողնում պառկած մեծահասակ կնոջը խեղդամահ անելով, սպանել։ Առավոտյան ենք իմացել, երբ շտապօգնության ավտոմեքենան մտավ փողոց։ Կարծեցինք, թե ինչ-որ մեկը վատացել է։ Բայց րոպեներ անց իմացանք, որ տեղի է ունեցել զարհուրելի սանություն։ Ու արդեն մտածում էինք, թե ով է մարդասպանը, ու արդյո՞ք միլիցեքը ու քննիչները կբռնեն։ Բայց հալալ ա։ Դեռ դիահերձարանից չէին եկել մահացածի մարմինը տանելու, իմացանք, որ միլիցեքը բռնել են։
Ու հիմա գոնե կիմանանք, թե ով է մարդասպանը»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 141+
141+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր