211652_close_icon
views-count40569 դիտում article-date 12:48 11-12-2022

Գիշերային հետապնդում Երևանում․ պարեկները կարողացել են վնասազերծել սուպերմարկետն ու այնտեղ տեղադրված բանկոմատը թալանող, դիմակավորված հանցագործներից մեկին․ հայտնաբերվել է երկաթյա լինգ և երկաթ կտրող հատուկ մկրատներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այն, որ ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության կազմավորումից հետո մայրաքաղաքում և Շիրակի, Լոռու մարզերում պարեկներին հաջողվել է իրենց աշխատանքով ապացուցել, որ կարողանում են ոչ միայն բացահայտել, այլև կանխել ու նախականխել կատարված ու կատարվող հանցագործություններ, որ պարեկները վերահսկում են օպերատիվ իրավիճակը, դա անհերքելի փաստ է։ 

Կան նաև բացթողումներ, որոնք տեղում վերացնելու ուղղությամբ հանձնարարությունը, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ՝ դրվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միայն Երևան քաղաքում Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները բազմաթիվ հանցագործություններ են կանխել, որոշ դեպքերում տաք հետքերով՝ հենց հանցանքի վայրում հետապնդել ու վնասազերծել են հանցագործների։

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Գրիգոր Դեխտիկյանն ու Արթուր Մարկոսյանը Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն կատարելիս են լինում, երբ Տիչինա 29/3 հասցեում գործող խանութներից մեկի մոտ նկատում են 2 կասկածելի քաղաքացու։

Պարեկները մոտենալով, փորձում են պարզել նրանց ինքնությունը, սակայն վերջիններս, ովքեր լինում են դիմակավորված, դիմում են փախուստի։

Սկսվում է հետապնդումը։ Եվ դեպքի վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա պարեկներին հաջողվում է նրանցից մեկին վնասազերծել և տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժին։ 

Պարզվում է, որ նրանք երկաթյա լինգով, երկաթ կտրելու համար նախատեսված հատուկ մկրատներով բացել են սուպերմարկետի մոտ տեղադրված բանկոմատներից մեկի երկաթե պաշտպանիչ հատվածը ու փորձել այնտեղից գումար հափշտակել։ 

Սակայն պարեկների աչալուրջ ծառայության արդյունքում, ժողովրդի լեզվով ասած՝ նրանց «մուրազը փորներում մնաց»։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հետապնդված ու վնասազերծված կասկածյալը Երևանի բնակիչ 35-ամյա Կարեն Տ․-ն է։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի վայրից փախուստի դիմած հանցակցի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր