«Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի պատվիրակները մասնակցել են Երեւանի Մետրոպոլիտենում անցկացված մշակութային միջոցառմանը
«Հանրապետության հրապարակից մետրոյի կախարդական գնացքը մասնակիցներին տեղափոխել է 4 հեքիաթային կայարաններ, որտեղ երեխաները ծանոթացել են Հայաստանի մշակութային ժառանգությանը, խոհանոցին, ազգային պարերին ու խաղերին եւ մասնակցել հայկական մեծ խնջույքի», - գրված է հրապարակմանը կից:
4 կայարաններից մեկում մասնակիցները հոլ են խաղացել եւ վայելել Մալենայի «Քամի-քամի» կատարումը, երկրորդ՝ քաղցրավենիքի կայարանում նրանց դիմավորել են հրաշագործն ու խոհարարը եւ միասին տորթ թխել ու քաղցրավենիք համտեսել, երրորդ մշակութային կայարանում մասնակիցներն ականատես են եղել «Շնչող արվեստի» կենդանի կտավների ցուցադրությանը: Երեխաների աչքի առաջ կենդանացել են Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» (1960 թ.), Հակոբ Հակոբյանի «Հայելիով կինը» (1969 թ.) եւ Ժան Գառզուի «Ալ սենյակ» (1974 թ.) կտավները: Վերջին կայարանում պատվիրակները մասնակցել են հայկական մեծ խնջույքի:
Հրապարակմանը կից նշված է, որ մետրոպոլիտենում անցկացված յուրօրինակ ծրագիրը շուտով վերածվելու է ֆիլմի։