211652_close_icon
views-count1061 դիտում article-date 10:20 07-12-2022

Համատեղ զորավարժությունների անցկացումն այսօր անհրաժեշտություն է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ադրբեջանաթուրքական զորավարժությունների երեք ուղղություններն ընդգրկում են Իրանի հետ սահմանի ողջ երկայնքը՝ Ջրականից սկսած մինչեւ իրանական ցեղախմբերին պատկանող շիա ուղղությանը դավանող թալիշների հոգեւոր կենտրոններից մեկը՝ Աստարան: Ադրբեջանի եւ Թուրքիայի այս հակաիրանական ժեստն ամբողջացնելու նպատակով Բաքու է ժամանել Թուրքիայի պաշտպանության նախարարի գլխավորած ռազմական բարձրագույն հրամանատարությունը:

Տարածաշրջանում ընթացող այս գործընթացի պատկերն ու տրամաբանությունն ամբողջացնելու համար անհրաժեշտ է անցկացված եւ ընթացող զորավարժությունները ռազմականից քաղաքական տերմինաբանությամբ, խոսույթով ներկայացնել: 2021 թ. մայիսից եւ հատկապես 2022 թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո Իրանի բարձրագույն ղեկավարությունը հայտարարեց, որ  թույլ չի տա իր հյուսիսային սահմանների մոտ աշխարհաքաղաքական իրավիճակի, պատմական սահմանների փոփոխություն եւ իր ասելիքն ավելի պատկերավոր ներկայացրեց աննախադեպ ծավալի զորավարժություններով, որոնցում ընդգրկված էր Իրանի էլիտար ռազմական ստորաբաժանումը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Այդ զորավարժություններին հետեւեցին Ադրբեջանից հնչող հայտարարությունները՝ այսպես կոչվող ,արեւմտյան զանգեզուրիե եւ ,միջանցքիե վերաբերյալ, ինչին հաջորդեցին Ադրբեջանի զինված ուժերի զորավարժությունները, իսկ այսօր արդեն՝ Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունները: Ինչն էլ իր հերթին ադրբեջանաթուրքական պատասխանն է Իրանին, որ ցանկության դեպքում Հայաստանի նկատմամբ կդիմեն ռազմական ագրեսիայի՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ ցամաքային կապ բացելու համար: Քաղաքական լեզվով վերծանած, ըստ էության, Ադրբեջանում մեկնարկած զորավարժությունների ասելիքը սա է: Հետեւաբար, այս զորավարժություններն ինչքան Իրանի դեմ են ուղղված, այնքան էլ՝ Հայաստանի:

Այստեղ տեղին է հիշել, որ 44-օրյա պատերազմը հաջորդեց ադրբեջանաթուրքական համատեղ երկամսյա զորավարժություններին, երբ այդ քողի տակ Թուրքիայից բերված զինտեխնիկան եւ ռազմական մասնագետները մնալով Ադրբեջանում՝ լիարժեքորեն մասնակցեցին Արցախի դեմ սանձազերծած ագրեսիային՝ որոշ դրվագներում եւ ընդհանուր առմամբ ապահովելով պատերազմի ելքը: Զորավարժություններով հագեցած՝ վերեւում նկարագրված գործընթացները միանշանակ փաստում են մեր տարածաշրջանում լարվածության աստիճանի բարձրացման մասին:

Այս պայմաններում օրինաչափորեն գործարկվում է Հայաստանի անվտանգային համակարգի գործիքակազմը: ՀՀ զինված ուժերում ըստ մարտական պատրաստության պլանի զորավարժություններ մշտապես անցկացվում են, սակայն այսօր առարկայական անհրաժեշտություն ունի համատեղ զորավարժությունների անցկացումը: Այն վերջին շրջանում ընդունված պրակտիկա է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։