211652_close_icon
views-count747 դիտում article-date 12:42 03-12-2022

Այսօր ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է

Այսօր հայ քաղաքական գործիչ, հրապարակախոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է: 

Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961 թ․ դեկտեմբերի 3-ին Երևանում։ Ապագա հերոսը հիմնական կրթությունն ստանալուց հետո ընդունվել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժին, որն ավարտելուց հետո 1986-1987 թթ․ աշխատանքի է անցել Գորիսի դրամատիկական թատրոնում։ 1987թ.-ից եղել է Ազգային ինքնորոշում միավորման անդամ, «Հրապարակայնություն» ու «Հայրենիք» ամսագրերի հիմնադիր-խմբագիր։ 
 
1988թ. մայիսի 28-ին Երևանի Ազատության հրապարակում առաջին անգամ բարձրացրել է Եռագույն դրոշ։ 1989թ. «Անկախության բանակի» հիմնադիրներից է։ 1989թ.-ից հանդես է եկել Հայոց անկախ պետականության վերականգնմանն ուղղված ելույթներով ու հրապարակումներով։ Արցախյան շարժման սկզբին հանրահավաքներում պաշտպանել է արցախահայության արդարացի պահանջը։

Գորգիսյանին շատերն են հիշում Ազատության հրապարակում կանգնած՝ «Կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալու», «Սուգը հավերժ է, երբ պայքար չկա» թևավոր դարձած խոսքերով։

1990թ. հունվարի 18-ին, վիճակը կտրուկ սրվել էր Արարատի շրջանի՝ Նախիջևանին սահմանամերձ գոտում։ Ադրբեջանական զինյալները  գնդակոծում էին մերձակա հայկական բնակավայրերը։ 
 
Հունվարի 19-ին հայ մարտիկները ոչնչացրել են թշնամու հետախուզական ջոկատներից մեկը, առգրավել մեծ քանակությամբ զինամթերք։ Մովսեսը ջոկատով գրոհել է բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվել են, սակայն մարտում ընկել է նաև ինքը։ 
 
Մովսես Գորգիսյանը թաղված է Ծիծեռնակաբերդում։

1996 թ․ սեպտեմբերի 20-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որոշմամբ՝ Մովսես Գորգիսյանը հետմահու արժանացավ Ազգային հերոսի կոչմանը, նաև՝ «Հայրենիք» շքանշանին։

Նմանատիպ նյութեր