211652_close_icon
views-count1289 դիտում article-date 17:39 29-11-2022

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն ընդդիմադիր 3 պատգամավորների հրաժարականի դիմումների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել՝ կապված «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորների մանդատը վայր դնելու դիմումների հետ:

Հայտարարությունում ասվում է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը 2022 թվականի նոյեմբերի 29-ին հրաժարականի դիմում են ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Հիշեցնենք, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ կուսակցության խորհրդի՝ նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը Ազգային ժողովում։

Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր