211652_close_icon
views-count188526 դիտում article-date 06:49 26-11-2022

Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ Լիճք գյուղի վարչական տարածքում բախվել են BMW-ն ու Volkswagen Golf-ը․ կա 4 զոհ, 2 վիրավոր․ մահացածներից 3-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ  ավտոճանապարհի 58 կմ հատվածում՝ Լիճք գյուղի վարչական տարածքում, բախվել են BMW և  Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունու» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Մարտունու  թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Հրշեջ-փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 1, իսկ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայից՝ 3 քաղաքացու դիերը:

Օպերատիվ են գործել նաև  «Մարտունու» հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Մարտունու» ԲԿ։

Դեպքի վայում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանը։ 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու գումարտակի  հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արթուր  Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ՝ Արթուր Մանուկյանի և Անդրանիկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով՝  Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, և ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Օպերատիվորեն ժամանել են նաև Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Վիգեն Մարտոյանը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։ 

Օպերատիվ են գործել «Մարտունու» ԲԿ դիատար հերթապահ խումբը ովքեր մահացածների մարմինները հատուկ միջազգային չափանիշներին համապատասխան պարկերով տեղափոխեցին դիահատարան։

Գ․ Շամշյանի տեղեկություներով մահացածներից 3-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 180+
180+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին