211652_close_icon
views-count211684 դիտում article-date 22:23 14-07-2021

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են ոստիկանական Samand-ն ու Toyota Vitz-ը. կա 3 զոհ. մահացածներից 2-ին որոնց մարմինները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս ոստիկանության ծառայողներ էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Samand և Toyota Vitz մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  3 հոգի տեղում մահացել են:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանն ու ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ  ոստիկանության ներքին անվտանգության  վարչության  ծառայողները՝ վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Նշված հատվածում  երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է,  որպեսզի քննիչները  կարողանան դեպքի վայրի զննություն կատարեն:

Վթարի մասի ՃՈ -77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության, Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանի, Վաղարշապատի քննչական բաժնի  պետ Դավիթ Բարոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի վայր  է ժամանել նաև ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Դավիթ Սարգսյանը:

Փաստի առթիվ Վաղարշապատի  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ)  հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություներով՝ Samand մակնիշի ավտոմեքենան հաշվառված է  ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հաշվեկշռում և, ըստ նախնական տեղեկությունների, մահացածներից 2-ը ոստիկանության ծառայողներ էին, մեկը՝ քաղաքացիական անձ:

Մահացածներից 2-ը, ովքեր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Էջմիածնի պահպանության բաժնի ծառայողներ էին, հայտնաբերվել են դրսում, իսկ Toyota-ի վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները` մոտ 1 ժամ օգտագործելով հատուկ տեխնիկա։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 341+
341+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր