124010 դիտում
20:00 08-05-2019
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. կա 2 զոհ, 9 վիրավոր. մահացածներից մեկը 2 տարեկան աղջնակ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Volkswagen մակնիշի 34 TT 824 համարանիշի և Mercedes մակնիշի 35 ZC 529 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 11 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել նշված հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարող ընկերության աշխատակիցները:
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1 ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել դասակի հրամանատար Հ. Գալստյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Ֆրանկյանի գլխավորությամբ:
Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզայյին քննչական վարչության Թալինի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի և ավագ քննիչ Էդգար Հարությունյանի գլխավորությամբ:
Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ 2 հոգի մահացել են:
Փաստի առթիվ Ա. Քոթանջյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահածացների և վիրավորների ինքնությունը:
Մահացածներից մեկը 2 տարեկան աղջնակ է:
Դեպքի վայր է ժամանել նաև Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 135+
135+